10:49 | 30.05.17 | Նորություններ | 3942

ՃՈ-ն խախտումների մասին կտեղեկացնի նաեւ Telegram հավելվածի միջոցով

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ Telegram մեսենջերի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:

ՃՈ-ում տեղեկացրել են, որ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Telegram հավելվածը, ապա՝ փնտրել եւ ընտրել ROADPOLICEbot ենթահավելվածը:

Այնուհետ անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը եւ մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձեւաչափով) եւ հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձեւաչափով):

«Եթե ուղարկված տվյալները ճիշտ են, եւ հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն եւ հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան»,- ասված է հաղորդագրությունում:

Telegram հավելվածի ներբեռնումն ու իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար է:

Ներկայում համակարգը գործում է փորձնական եղանակով: