10:52 | 10.05.17 | Նորություններ | 95948

15 հայկական ստարտափ խոշոր դրամաշնորհ է ստացել

Հայտնի են մայիսի 4-ին եւ 5-ին կայացած Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները:

Երկօրյա մրցույթներին մասնակցել եւ իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրել է նախապես ընտրված 38 նորաստեղծ թիմ եւ ընկերություն:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրված հետեւյալ 10 թիմերը կստանան €30 000-50 000 դրամաշնորհ:

-Volterman Smart Wallet
-Chessfimee
-Embry
-WiseLogger
-Skycryptor
-Xcloud Conductor
-ShellGuard
-OnYourWay
-Pixomatic
-FPGA Key Value Database for IoT

STEP մրցույթի հետեւյալ 5 հաղթողները կստանան €15 000 ֆինանսավորում:

      -Financial Tech
-CNC Machine line
-One – Click key
-Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms
-CDM for Education, Based on New Generation Optical Element

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը, թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել է մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ շարունակելով տրամադրել մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարություններ, մշակման եւ նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշել է, որ 2 ծրագրերին դիմել էր շուրջ 90 մասնակից, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի եւ ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության եւ գնահատման փուլերում:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձեւավորման գործառույթը եւ արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչն էլ վերհիշել է 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ եւ ներկայացումների նախապատրաստում:

Ժյուրիի անդամներից ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը ևս կիսվել է տպավորություններով.

«Մի շարք ներկայացումներ պարզապես հրաշալի էին եւ հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները եւ արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ եւ ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում»,- եզրափակել է Քրիստիան Շելենբերգերը:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ:

Երկու ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG եւ STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում: