14:13 | 18.04.17 | Նորություններ | 41204

Հայտնի են Smarter Transportation Data հաքաթոնի հաղթողները

Ապրիլի 16-ին հայտնի են դարձել Smarter Transportation Data հաքաթոնի հաղթողները:

Հաքաթոնին գրանցվել էր ավելի քան 70 թիմ, որոնցից 33-ը հրավիրվել էին՝ մասնակցելու 24 ժամ տեւողությամբ մրցույթին:

Ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով անվանակարգում (մրցանակը՝ $4000) հաղթել է չDNS թիմը, որն առաջարկել էր Երեւանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման լուծում՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։

Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար անվանակարգում (մրցանակը՝ $2500) հաղթել է Appress թիմը՝ իր AutoPi լուծումով։ Այն մինի համակարգիչ է, որը միացվում է ավտոմեքենային եւ տրամադրում մի շարք տվյալներ՝ իրական ժամանակում որոշումներ կայացնելու համար։

Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում անվանակարգի հաղթողը (մրցանակը՝ $1500) Babylon թիմն է, որն իրականացրել է Երեւանում ռեստորաններից սնունդի առաքման տվյալների վերլուծություն եւ առաջարկել machine learning-ի վրա հիմնված առաքման ավելի խելացի եղանակ:

Լուծումները մշակելու համար մասնակիցներն օգտագործել են հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am եւ GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Հաքաթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն են ստացել մասնակցել Smart Talk-երի, որոնք վարել են ոլորտի ներկայացուցիչները:

Հաքաթոնի կազմակերպիչներն են Optym Հայաստանը (միջոցառման գլխավոր հովանավոր), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը: Աջակիցները ԱՄՆ ՄԶԳ-ն եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: