10:11 | 05.04.17 | Հոդվածներ | exclusive 82264

    ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը. Եվա Հյուսյան

    Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին Հայաստանում դարձել է տնտեսական հրաշքի բացառիկ օրինակ: Քայլ առ քայլ «այթիշնիկները» ստեղծել են իրենց աշխարհը` հազարավոր աշխատատեղերով ու միջինից մի քանի անգամ բարձր աշխատավարձով, ասել է թե` «տնտեսություն տնտեսության մեջ»:

    Itel.am-ի «ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքում հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները ներկայացնում են իրենց անցած ուղին եւ խորհուրդներ տալիս սկսնակներին:

    Շարքի այսօրվա զրուցակիցը Sololearn ընկերության համահիմնադիր Եվա Հյուսյանն է:

    Sololearn-ի մասին

    Sololearn.com-ը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ հարթակներից մեկն է աշխարհում, ունի ավելի քան 15 մլն օգտվող աշխարհի ավելի քան 200 երկրներից: Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Windows Store-ում, Google Play-ում եւ App Store-ում: Ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.: Ստարտափ հետազոտություններով զբաղվող Mattermark ընկերությունը Sololearn-ը 2015-ին ճանաչել է Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող թոփ 10 ստարտափներից մեկը:
     
    ՏՏ-ն հինգ տարի առաջ եւ հիմա

    Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում մեծ աճ ապրեց հատկապես վերջին հինգ տարիներին: Եվա Հյուսյանի խոսքով` փոփոխությունը, ամեն ինչից զատ, գիտակցական մակարդակում է նկատելի:

    «Տարիներ առաջ «ստարտափ» բառն անգամ ծանոթ չէր շատերին: ՏՏ ոլորտի մարդիկ էլ շատ ու աչքի ընկնող չէին, շատ չէին հաջողության պատմությունները, կոնֆերանսները եւ այլն: Հիմա շատ ավելի շատ մարդ է այս միջավայրի մեջ, ինչը շատ լավ է: Շատ են հաջողության պատմությունները, ճանաչված դեմքերը, ու հենց սա է խթանում ոլորտի աճին»:

    Եվա Հյուսյանը Եվա Հյուսյանը
    photo © Մեդիամաքս


    Ձախողման հավանականության մասին

    Երեք տարում մեծ հաջողությունների հասած ընկերության համահիմնադիրն այսօր շատ լավ է հիշում այն ճանապարհը, որով անցել են սեփական ստարտափը կայացնելու համար: Դժվարություններ շատ են եղել, տապալվելու վտանգը՝ «գլխիդ վերեւում կախված»:

    «Երբ ստարտափ ես սկսում, գտնվում ես մի անորոշ վիճակում, ստեղծում ես պրոդուկտ, որը ինչ-որ մարդիկ տեսականորեն կհավանեն, կօգտագործեն ու ինչ-որ պահի կսկսեն դրա համար քեզ գումար վճարել: Եթե գաղափարդ թարմ է, ստեղծածդ էլ տարբերվող, սկսում ես գնալ մի ճանապարհով, որը մինչեւ քեզ ոչ ոք չի անցել, եւ այդ դեպքում ձախողվելու հավանականությունը բավական մեծ է»:

    Ստարտափերների երկու խմբերը

    Ստարտափերներին Եվա Հյուսյանը պայմանականորեն բաժանում է երկու խմբի: Նրա խոսքով` երկուսն էլ կարծես նույն գործով են զբաղված, տարբեր են միայն նպատակները:

    «Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք հաճույք են ստանում ստարտափ միջավայրում լինելուց, անընդհատ ինչ-որ բան ստեղծել-ձախողելուց: Իրենց ունակությունները ծախսում են տարբեր ֆոնդերից գրանտներ շահելու ու այդ միջոցներով ապրելու վրա:

    Երկրորդը մարդիկ են, որոնք ինչ-որ նպատակ ու գաղափար ունեն ու ամեն ինչ անում են դրան հասնելու համար: Որպես կանոն հենց սրանք են կարողանում հաջողության հասնել ու կյանքի կոչել որեւէ հավակնոտ ծրագիր: Այս խումբը նույնպես զերծ չէ ձախողումներից, սակայն անընդհատ փորձելուց հետո ինչ-որ պահի ստացվում է»:

    Մենթոր գտնելու կարեւորության մասին

    Sololearn-ի համահիմնադրի կարծիքով՝ ստարտափների թե՛ հաջողության, թե՛ ձախողման մեջ մեծ դեր կարող են ունենալ մենթորները: Նոր գործ սկսելիս պետք է գտնել մարդկանց, որոնք ձեր կողքին կլինեն ցանկացած պարագայում:

    «Ամեն մարդ չէ, որ պատրաստ է մենթոր դառնալ ու անշահախնդիր օգնել: Նրանց նախ պետք է հետաքրքրես քո չկրկնվող գաղափարով ու փոփոխություն անելու ցանկությամբ: Շատ կարեւոր է, որպեսզի ստարտափերները գտնեն այնպիսի մենթորներ, որոնք անցել են նույն ճանապարհը, ինչ իրենք, անցել են նույն փորձությունների միջով, զարգացման որոշակի փուլերում բախվել նույն խնդիրներին եւ այլն: Սա շատ կարեւոր գործոն է»:

    Եվա Հյուսյանը Եվա Հյուսյանը
    photo © Անձնական արխիվ


    Ֆինանսավորման աղբյուրների մասին

    Որքան էլ որ խոսվի զրոյից ու առանց ֆինանսական ներդրման ստարտափ կամ բիզնես անելու մասին, միեւնույն է, որոշակի փուլում ֆինանսական ներդրման կարիք է զգացվում: Եվա Հյուսյանի խոսքով` իրենց հաջողությանը շատ օգնեց Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհը:

    «Մենք ներդրել էինք այն ամենը, ինչ կարող էինք: Բայց որոշ ժամանակ անց համաշխարհային շուկա դուրս գալու ու արտասահմանյան ներդրողերին գրավելու համար մեզ փող էր պետք տարրական խնդիրներ լուծելու, գոնե մի քանի ծրագրավորողի աշխատավարձ տալու համար: Թեպետ հետո շատ ավելի մեծ ներդրումներ ունեցանք, բայց առաջխաղացման առումով հենց այդ $50 հազ. դրամաշնորհը շատ օգնեց: Հայաստանում նման ներդրողները քիչ են: Պետությունը գրանտներ չի տալիս, ինչպես, օրինակ, Իսրայելում է, որտեղ տարիներ շարունակ պետությունը ֆինանսավորում էր պոտենցիալ ապագա ունեցող ստարտափներին»:

    Սուրեն Ստեփանյան