11:45 | 27.03.17 | Հարցազրույցներ | exclusive 333730

Դավիթ Յան. Հայաստանը պետք է ձգողության կենտրոն դառնա

«Այբ» դպրոց. երազանքից դեպի իրականություն

Դա վարդագույն երազանք էր. ես մտածում էի, որ հրաշք կլինի, եթե մենք հաջողենք: Մենք նույնիսկ չէինք գիտակցում, թե ինչ դժվարությունների կառերեսվենք: Մարդիկ հաճախ են թերագնահատում նախագծերի բարդությունը, եւ իրականում դա լավ է: Եթե բոլորը միշտ իմանային, թե ինչ է իրենց սպասում, ապա հաճախ պարզապես չէին սկսի այդ ճամփորդությունները:

«Այբ» դպրոցի դեպքում հրաշքն այն էր, որ մենք կարողացանք համախմբել եւ մնալ միասին: Դա հաջողության գլխավոր պատճառն էր: Եթե մենք չգտնեինք բոլոր մարդկանց (իսկ այժմ ներգրավված է 200 հոգի), ապա ոչինչ չէր ստացվի:

Նախագծեր, որ ապրում են իրենց կյանքով

Իմ ստեղծած բոլոր նախագծերի նպատակն է «երեխային» մեծացնել մինչեւ այն պահը, երբ նա կսկսի ինքնուրույն դպրոց գնալ, հետո ինստիտուտ կընդունվի, կսկսի աշխատել ու ընտանիք կկազմի: Որպես ծնող՝ դա է ինձ համար գերագույն երջանկությունը:

Ես գիտեմ մարդկանց, որոնք, որպես խանդոտ ծնողներ, ընկերությունում մնում են շատ երկար: Դա էլ իր դրական կողմերն ունի, բայց հաստատ իմ ոճը չէ: Իմ նպատակն է անել այնպես, որ երեխան որքան հնարավոր է՝ շուտ ինքնուրույն դառնա:

Հայաստանը՝ որպես ձգողության կենտրոն

Հայաստանը պետք է դառնա այլ մարդկանց համար ձգողության կենտրոն: Այդ խոսակցությունները, որ երեխաները կմեծանան, կգնան սովորելու ու էլ չեն վերադառնա… Կգնան, մեծ փորձ ու շատ գիտելիքներ, գաղափարներ կստանան: Նրանցից ոմանք կվերադառնան, ոմանք «հեռակա» ձեւով կվերադառնան, ոմանք այստեղ ընկերություններ կհիմնեն, ոմանք կդասավանդեն: Այդ ամենը լավ է, կարեւոր է, որ մարդիկ միջազգային փորձ կուտակեն: Ինչպե՞ս փոխհատուցել այն փաստը, որ մարդիկ հեռանալու են: Պետք է Հայաստանում ստեղծել ձգողության կենտրոն, ոչ թե ձգտել ամեն կերպ մարդկանց պահել այստեղ:

Հայաստանը յուրահատուկ առավելություն ունի՝ ընտանեկան արժեքներն ու արմատները, եւ դրանք ավելի ուժեղ են, քան շատ այլ մշակույթներում: Դրա համար պետք չէ անհանգստանալ: Պետք է անել այնպես, որ մարդիկ Հայաստան գան այլ երկրներից՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Եվրոպայից ու Ամերիկայից: Սիլիկոնյան հովտում խոշոր բիզնես ստեղծած մարդկանց 80%-ը ներգաղթյալներ են կամ ներգաղթյալների երեխաներ: Պետք է Հայաստանում ստեղծել յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ, այնպիսի պայմաններ, որպեսզի մեր կրթական կենտրոնները գրավիչ դառնան այլ ազգերի ներկայացուցիչների համար: Մարդկանց մի մասը կմնա, մյուսները կհեռանան՝ այստեղ թողնելով ամուր կապեր ու ընկերներ, եւ կշարունակեն աշխատել Հայաստանի հետ: Իրականում հենց դա է Հայաստանում ստեղծվող ամեն ինչի որակը բարձրացնելու բանալին:

Արհեստական բանականություն

Արհեստական բանականությունը ներխուժելու է կյանքի բոլոր ոլորտներ՝ ծառայություններ, գիտություն, տեխնոլոգիաներ: Google Brain-ի հիմնադիր Էնդրյու Էնգն արհեստական բանականությունն անվանում է «նոր էլեկտրականություն»: Այն սկսում է հերթով փոխել արդյունաբերությունները, այնպես, ինչպես ժամանակին արեց էլեկտրականությունը: Շատ ընկերություններ այսօր հասկանում են, որ եթե չհասցնեն վերածնվել՝ կկորչեն: Անհրաժեշտ են արհեստական բանականության ոլորտի ստարտափներ եւ մասնագետներ: Պետք է դա ուսումնասիրել, իսկ մնացածն արդեն կյանքը կհուշի:  

Ի՞նչ պետք է անեն ստարտափները

Ստարտափները պետք է կապեր հաստատեն աքսելերատորների հետ՝ եւ ոչ միայն Սիլիկոնյան հովտում, այլեւ Իսպանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Պետք է շատ շփվել, կապեր հաստատել, տանը չնստել: Վաղ թե ուշ գումարներն էլ ի հայտ կգան: Գումարը միշտ գտնում է իր ստարտափին: Եթե ընդերքում նավթ կա, ապա վաղ թե ուշ այդտեղ նավթային ընկերություն կհայտնվի: Մեզ մոտ նավթային ընկերությունները ներդրողներն են, իսկ նավթը՝ ուղեղները: Եթե կան ուղեղներ, գաղափարներ, թիմեր, ապա վաղ թե ուշ կգա կհայտնվի մի ներդրող, այնուհետ՝ եւս մեկը: Նրանք բոլորը միմյանց հետ շփվում են, քանի որ այդքան էլ շատ չեն, եւ բոլորը միմյանց ճանաչում են:  

Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է, այնպես որ նախագծերը պետք է միջազգային ուղղվածություն ունենան: Դա նման է Իսրայելում եղած իրավիճակին: Այնտեղ ստարտափների մեծ մասի թիրախում ի սկզբանե միջազգային շուկան էր, քանի որ ներքին շուկան շատ փոքր էր: Այլ բան է, որ հաստատ հնարավոր չէ ստեղծել միջազգային նախագիծ, չլինելով պատվիրատուի կողքին, այնտեղ, որտեղ ձեր պրոդուկտը կիրառվելու է: Սխալ է փորձել ստեղծել միջազգային ծառայություն եւ միաժամանակ չապրել ԱՄՆ-ում:

Իմ խորհուրդն է՝ չգնալ 5-օրյա համաժողովի (չնայած դա ավելի լավ է, քան ընդհանրապես չմասնակցելը): Իրականում պետք է մի երկու ամիս ապրել ընկերների մոտ Սիլիկոնյան հովտում: Այդ փորձը երկու տարվա աքսելերացիոն ծրագիր կարժենա:

Պետք է մտածել, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, ոչ մի բանից չվախենալ, ապրել ԱՄՆ-ում ընկերների մոտ, վերադառնալ, ստեղծել նախագիծ, ընտրվել 500 Startups-ի աքսելերացիոն ծրագրում, դուրս գալ այնտեղից, ավարտել պրոդուկտը, մի երկու անգամ սխալվել, բայց ամեն անգամ բարձրացնել նշաձողը եւ ի վերջո ստեղծել հետաքրքիր նախագիծ: Ըստ ամենայնի, այն կառուցված է լինելու այսպես. Հայաստանում գործելու է հիմնական ծրագրային մշակումներ իրականացնողների թիմը, իսկ արտասահմանում կլինեն 1-2 հոգի, որոնք մշտապես կայցելեն ԱՄՆ եւ Եվրոպա: Հետո այդ ստարտափը կմեծանա, Գուգլի կամ Ֆեյսբուքի մասնաճյուղերը կգնեն այն, հետո Գուգլը կամ Ֆեյսբուքը Հայաստանում գրասենյակ կբացեն, եւ ամեն բան իր հունով առաջ կգնա:

Դավիթ Յանի մտքերը գրի է առել Արա Թադեւոսյանը