17:45 | 27.02.17 | Նորություններ | 3600

«Girls in Tech Հայաստանը» կրթական ճամբար է կազմակերպել

Փետրվարի 26-ին Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ USAID-ի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է մեկօրյա կրթական ճամբար՝ տեխնոլոգիաներով ու գործարարությամբ հետաքրքրված կանանց եւ աղջիկների համար:

Միջոցառումն առցանց վարել է բիզնեսի եւ առաջնորդության խորհրդատու, Կալիֆոռնիա-Բերկլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր եւ ղեկավար Հիլարի Վեբերը:

Ճամբարին մասնակցել են 20-ից ավելի կանայք եւ աղջիկներ:

«Մեզ շատ հաճելի է, որ «Girls in Tech Հայաստան»-ի առաջին նախաձեռնությունն այսքան կանանց եւ աղջիկների հետաքրքրեց: Վստահ ենք, որ անկախ անձի զարգացման աստիճանից՝ ճամբարի շատ հատվածներ իսկապես արդյունավետ ու օգտակար էին բոլոր մասնակիցների համար»,- նշել է «Girls in Tech Հայաստան»-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Հիլարի Վեբերը կրթական թեմատիկ այս ճամբարը մշակել է Girls in Tech կազմակերպության համար եւ անցկացնում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մասնաճյուղերի համար:

Girls in Tech-ը հիմնվել է 2007թ. Սան Ֆրանցիսկոյում եւ այժմ ավելի քան 60 մասնաճյուղ ունի աշխարհում: Girls in Tech-ի Հայաստանի մասնաճյուղը հիմնվել է 2016 թ.: