11:42 | 20.02.17 | Նորություններ | 17244

Բիլ Գեյթսն առաջարկում է ռոբոտներին հարկային դաշտ մտցնել

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն առաջարկել է հարկել ռոբոտներին, որոնք ավտոմատացման գործընթացի արդյունքում փոխարինում են մարդկային աշխատուժին:

Quartz պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ այն ռոբոտները, որոնք պատրաստվում են աշխատել մարդկանց փոխարեն, պետք է հարկային դաշտ տեղափոխվեն, ինչը կօգնի ֆինանսական միջոցներն ուղղել դեպի տնտեսության այն ուղղությունները, որոնց ավտոմատացումն անհնար է: Գեյթսն առաջարկել է այդ միջոցներն ուղղել դեպի սոցիալական ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ աջակցել առողջապահության համակարգին:

Microsoft-ի համահիմնադիրն ընդգծել է, որ աշխատանքի ավտոմատացումը կբերի օգուտներ, մասնավորապես մարդիկ, որոնք կորցրել են կամ կկորցնեն աշխատանքը ավտոմատացման հետեւանքով, կարող են աշխատել այն ուղղություններում, որտեղ աշխատուժի պակաս է զգացվում:

«Աշխարհը ցանկանում է օգտագործել այս հնարավորությունը…, այսպիսով` մենք կկարողանանք ավելի լավ խնամել ծերերին, օգնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին եւ այլն… Այն բոլոր ուղղություններում, որտեղ մարդկային կարեկցանքը եւ ըմբռնումը շատ յուրահատուկ են»:

Quartz-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը չի ընդունել ռոբոտների հարկման օրինագիծը: