Ակնկալվում էր, որ 2017թ. հունվարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պասիվ պետք է լիներ՝ պայմանավորված ամանորյա տոներից հետո աշխատանքային պրոցես վերադառնալու բարդություններով: Սակայն ամեն ինչ շատ ավելի ակտիվ ստացվեց:   

Itel.am-ը ամփոփում է #ՏեխնոՀունվարը:

Մրցույթներ, հաքաթոններ, հուշագրեր

48-ժամյա հաքաթոն, 5 թիմ, 30 մասնակից. հունվարի 20-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Game Jam Armenia խաղերի հաքաթոնը, որի արդյունքում 6 նոր խաղ ստեղծվեց:

Կայացավ Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային եզրափակիչը, որի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած հայկական Earlyone-ը ($15 000) մյուս երկու հաղթողների հետ կմասնակցի Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնայում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

Նույն մրցույթի շրջանակում Լոնդոնից Երեւան ժամանեց ՏՀՏ ոլորտում մասնագիտացած գործարար Դեբու Պուրկայասթան եւ հայտարարեց, որ կցանկանար ներդրում կատարել հայկական ստարտափներում: Գործարարը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկա 5-10 տարում Հայաստանում կստեղծվի եւ արտաքին շուկա դուրս կգա միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն:

Հայտնի դարձան Հանրային նորարարության մրցանակաբաշխության հաղթողները, որն անցկացվում էր «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» (#PSIweek) շրջանակում:

Վանաձորում բացվեց «Յանդեքս»-ի 1-ամյա անվճար ծրագրավորման դպրոցը՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որին կմասնակցի 28 հոգի: Աշակերտները կսովորեն Python ծրագրավորման լեզվի հիմունքները եւ կփորձեն իրենց ուժերը փոքր նախագծերում:  

ՀՀ ՊՆ-ն եւ «Թումո»-ն էլ հուշագիր ստորագրեցին, որի արդյունքում «Թումո»-ն պարտադիր ժամկետային զինծառայողներին կուսուցանի 21-րդ դարի հմտությունները: Ծրագրում ներառված են համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում ուղղությունները։ Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով եւ 18 ամիս ժամկետով։

Կառավարությունում ներկայացվեց ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթը, որի համաձայն ակնկալվում է մինչեւ 2025թ. Հայաստանում ստեղծել 40 հազ. ինժեներական աշխատատեղ:

Նոր խաղ եւ արհեստական բանականության վրա հիմնված լուծում

Հունվարին պատմեցինք հայկական Inapptics ստարտափի մասին, որն արհեստական բանականության վրա հիմնված անալիտիկ լուծում է մշակել: Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը եւ արդյունավետությունը` օգտագործողի պահվածքի վերլուծության եւ պրոակտիվ հուշումների միջոցով:

Գործարկվեց նաեւ հայկական արտադրության Dhole մոբայլ խաղը, որը հնարավորություն է տալիս խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները:

Հարցազրույցներ

Երեւանում զրուցեցինք Մադրիդի IE Business School-ի ձեռներեցության պրոֆեսոր Պարիզ դե Լետրազի հետ.

«Հայերն ունեն ձեռներեցական մտածողություն: Եթե դիտարկում ենք այն հայերին, որոնք ներկայում Սփյուռքում են, ապա նրանց մեծ մասը ձեռներեցներ են: Այնպես որ, կարծում եմ Հայաստանում աննախադեպ ներուժ կա, պարզապես դրսի հայերը պետք է աջակցեն դրա ներկայացմանը: Իսկապես շատ բան կարելի է անել ԱՄՆ-ում ապրող հայերի միջոցով: Եվրոպայում մրցակցությունը մեծ է, սակայն կարծում եմ՝ միջազգային ստարտափների համար հնարավորությունները եւս բազմաթիվ են»:  

Հունվարին Երեւանում էր Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում ամերիկյան Salesforce ՏՏ ընկերության հանրային քաղաքականության գծով տնօրեն Սասուն Գրիգորյանը: Նա  ներկայացրեց իր «Սմարթ ազգ. Ծրագիր ժամանակակից Հայաստանի համար» գիրքը, ինչպես նաեւ զրուցեց մեզ հետ:

«Մենք պետք է մտածենք, թե ինչպես տեխնոլոգիական որեւէ ուղղությունում ճանաչում ձեռք բերենք՝ որպես գլոբալ լիդեր: Օրինակ՝ Իսրայելն անվտանգության տեխնոլոգիաների համաշխարհային լիդեր է: 2014թ. Իսրայելի ազգային կիբեռ բյուրոյի տվյալներով՝ համաշխարհային անվտանգության տեխնոլոգիաների շուրջ 10%-ն ապահովում է Իսրայելը: Էստոնիան, որի բնակչությունը Հայաստանի բնակչության կեսն է կազմում, արդեն համաշխարհային լիդեր է էլեկտրոնային կառավարման ծառայություններում: Այսպիսով, Հայաստանը պետք է հմտանա ՏՏ որեւէ հստակ ուղղությունում»:  

ՏՏ-ն աշխարհում

Հայկական PicsArt-ը Cnet պարբերականի կողմից ընդգրկվեց 2017թ. Android եւ iOS թոփ հավելվածների ցանկում՝ «Android-ի համար լավագույն լուսանկարչական հավելված» եւ «iPhone-ի համար լավագույն լուսանկարչական հավելված» անվանակարգերում:

LinkedIn-ի հիմնադիր Ռեյդ Հոֆմանը եւ eBay-ի հիմնադիր Պիեր Օմիդյարի շահույթ չհետապնդող Omidyar Network-ը հայտարարեցին $10-ական մլն նվիրաբերելու մասին՝ ֆինանսավորելու ակադեմիական այն հետազոտությունները, որոնք կխոչընդոտեն հասարակությանը վնասող արհեստական բանականության համակարգերի ստեղծումը:

Facebook-ը հայտարարեց, որ ապրիլին Փարիզում կբացի իր առաջին ստարտափ ինկուբատորը, որը կկոչվի Startup Garage: Այն կզբաղեցնի 34 հազ. քմ տարածք, տեղակայված կլինի Station F ստարտափ կամպուսի տարածքում եւ կապահովի 3000 աշխատատեղ:

Հայտնի դարձան 2016թ. ամենաինովացիոն ընկերությունները: Ցուցակում 11 տարվա մեջ առաջին անգամ ընդգրկվեցին Uber-ը, Airbnb-ն եւ SpaceX-ը: Վարկանիշի առաջատարները, ինչպես եւ 2015-ին, Apple, Google, Tesla Motors, Microsoft եւ Amazon ընկերություններն են:  

App Annie-ի զեկույցի համաձայն էլ 2016թ. ամբողջ աշխարհում ներբեռնվել է 90 մլրդ հավելված, ինչը 15%-ով գերազանցում է 2015թ. ցուցանիշը: Հրատարակիչների համար ամենաեկամտաբերը շարունակում են մնալ խաղերը:

Samsung-ն էլ հայտնեց Galaxy Note 7-ի անսարքության պատճառը: Այսպիսով, խնդիրների պատճառը մարտկոցների նախագծման եւ սարքերի հավաքման տեխնիկական գործընթացի սխալ հաշվարկներն են:

Անցած ամիս պարզ դարձավ, որ Yahoo-ի բարձրաստիճան ղեկավարները Verizon Communications-ի հետ գործարքի ավարտից հետո կլքեն ղեկավար պաշտոնները, իսկ ընկերությունը կվերանվանվի Altaba:

Հայտնի դարձավ նաեւ, որ Սպիտակ տան մամուլի սրահում Skype նստատեղեր կավելանան՝ նախատեսված այն լրագրողների համար, որոնք ֆիզիկապես չեն կարող են մասնակցել բրիֆինգին՝ Վաշինգտոնից հեռու գտնվելու պատճառով:  

Ամսվա վերջին էլ ներկայացրինք ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների տեսակետը եւ գործողություններն ընդդեմ Թրամփի միգրացիոն արգելքի:

Նարինե Դանեղյան