11:26 | 20.01.17 | Նորություններ | 11537

STEP ծրագիրն ընդունում է հայտեր

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ հայտարարում է Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է:

Ծրագիրը նպատակ ունի զարկ տալ ձեռներեցությանը եւ նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա:

Նպատակներից է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին եւ ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ, եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Մրցույթին կարող են մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, մաքուր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ունենան մշտական բնակություն Հայաստանում եւ դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեն Հայաստանում:

Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաեւ իրականացնելով հետեւյալ գործունեությունը՝

-    Նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
-    Մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առեւտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ եւ գործարարության զարգացում,
-    Կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:  

2017-2018 ժամանակահատվածում կտրամադրվի մինչեւ 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչեւ €15 հազ. արժողությամբ եւ առավելագույնը՝ 12 ամիս տեւողությամբ: Կհայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով:
Մրցույթի նպատակն է աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին, հետեւաբար դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների եւ հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առեւտուրը եւ էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, մոբայլ հավելվածներն ու ծառայությունները:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: