16:37 | 18.01.17 | Նորություններ | 18461

Ucom-ը կհամագործակցի Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի հետ

Ucom ընկերության եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարներն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են, որ մարզում միակ պետական դրամատիկական թատրոնի 4 առանձին բաժանորդագրերի մեջ ներառված երեք ներկայացումներից մեկի գումարը կվճարի Ucom ընկերությունը:

Իր 151-րդ թատերական տարվա սկիզբն ազդարարած թատրոնի բաժանորդագրերում այսուհետ կներառվեն նաեւ պրեմիերաները, ինչը նախկինում չի կիրառվել:

«Ucom ընկերության օժանդակության շնորհիվ թատրոնը ոչ միայն կօգտվի մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետային եւ հեռախոսային կապից, այլեւ իր՝ տարեկան 30-35 հազար կազմող հանդիսատեսի շարքում կկարողանա ընդգրկել նաեւ սոցիալապես խոցելի խմբերին»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Այս համագործակցությունը իրապես կարեւոր է մեզ համար, քանզի Ucom ընկերության ներկայությունը թատրոնում հնարավորություն կտա էապես ավելացնել հանդիսատեսի թվաքանակը: Թատրոնի կարեւորագույն խնդիրներից է գտնել ճանապարհներ սոցիալական խոցելի խավին մասնակիցը դարձնել մշակութային իրադարձություններին: Գյումրու դրամատիկականի եւ Ucom-ի կանաչ ճանապարհի մեկնարկը տրված է, եւ վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ կանցնենք միասին»,- ասել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: