15:51 | 12.01.17 | Նորություններ | 10482
Ամերիկյան ստարտափներում վենչուրային ներդրումների ծավալը 2016թ. կրճատվել է 12%-ով՝ կազմելով $69,1 մլրդ:
VentureBeat-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է PitchBook-ի եւ National Venture Capital Association-ի (NVCA) համատեղ ուսումնասիրությունում:
Համեմատության համար նշենք, որ 2015թ. վենչուրային ներդրումների ծավալը կազմել է $79,3 մլրդ:
«Խոշոր ներդրումների եւ ընկերությունների բարձր գնահատականների մի քանի տարիներից հետո վենչուրային էկոհամակարգը հեռացել է ֆինանսավորման պիկից եւ վերադարձել նորմալ, առողջ ներդրումային միջավայր»,- նշել է PitchBook-ի հիմնադիր եւ ղեկավար Ջոն Գաբերտը:
Հետազոտության տվյալներով՝ $69,1 մլրդ-ը բաշխվել է ընդհանուր առմամբ 7751 ընկերությունների միջեւ: Միաժամանակ, վենչուրային ընկերությունները 253 հիմնադրամից ներգրավել են $41,6 մլրդ: $1 մլրդ-ից ավելի գումար ներգրաված ընկերությունների թվում են Andreessen Horowitz-ը, Kleiner Perkins Caufield & Byers-ը, Greylock Partners-ը:
Ակնկալվում է, որ 2017-ը ստարտափներում ներդրումներ կատարողների համար կդառնա ամենահաջողներից մեկը՝ այդ թվում IPO-ների (բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում) հաշվին: