16:15 | 28.12.16 | Հոդվածներ | exclusive 39710

2016-ի զարգացումները՝ հայաստանյան ՏՏ-ում

2016թ․ Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան $500 մլն, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ-ի ազդեցությունը շուրջ 6% է։ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը 540 է, ոլորտում ներգրավված է 16 հազ. մասնագետ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. կարձանագրվի շուրջ 20% աճ։

Itel.am-ը, ամփոփելով տեխնոլոգիական 2016-ը, ներկայացնում է տարվա կարեւորագույն միտումներն ու իրադարձությունները:

1.    Ավելի լայն բացված դռներ Սիլիկոնյան հովտում

Մարտին Shadowmatic-ը հաղթեց Սան Ֆրանցիսկոյում կայացած International Mobile Gaming Awards 2016-ում՝ մրցանակի արժանանալով միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն տեխնիկական նվաճում» եւ «Հանդիսատեսի համակրանք»:

Ապրիլի 9-ին Բերքլիի համալսարանում կայացավ HyeTech Showcase-ը 2016-ը  եւ HIVE Pitch Competition-ը, որը մեկ վայրում էր համախմբել շուրջ 150 հայ ձեռներեցի ամբողջ աշխարհից: Միջոցառումից 1 շաբաթ առաջ 15 հայ ձեռներեց մասնակցել է դեպի Սիլիկոնյան հովիտ շրջայցին, ինչպես նաեւ աշխատել փիչինգ հմտությունները զարգացնելու վրա: Արդյունքում թիմերից մեկը՝ ARMACAD-ը, HIVE-ի կողմից արժանացել է $50 հազ. ներդրման:

Մայիսի 25-26-ը Silicon Valley Open Doors (SVOD) տեխնոլոգիական ներդրումների կոնֆերանսի շրջանակում ներդրողներին ներկայացավ (pitching) հայկական Treescale ստարտափը:

Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայացավ «Հայաստան. ՏՏ ֆորում»-ը (Armenia IT Forum), որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները եւ դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում:

Հունիսի 23-24-ը հայկական Immersive Education Solutions նախագիծը եզրափակիչ անցած մյուս 14 ստարտափների հետ միասին Սիլիկոնյան հովտում մասնակցեց Տեխնոլոգիայի եւ գիտության միջոցով համաշխարհային նորարարության (GIST) Tech-I մրցույթի եզրափակիչ փուլին:

Գարնանն էլ Սիլիկոնյան հովիտ այցելեց Itel.am-ի լրագրողը, եւ հենց աշխարհի տեխնոլոգիական սրտից ընթերցողներին ներկայացրեց Google-ի գրասենյակը:

2.    Ներդրումային նոր հնարավորություններ

HIVE ներդրումային հիմնադրամը գարնանը հայտարարեց HIVE Seed Fund նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակում ներդրումներ պետք է իրականացներ եւ համագործակցեր աշխարհի տարբեր կետերում գործող հայկական ստարտափների հետ: Սիլիկոնյան հովտից մինչեւ Հայաստան. The HIVE Seed Fund-ը կկենտրոնանա այն ստարտափների վրա, որոնք ստեղծում են հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ, նպատակ ունեն թիմ ունենալ Հայաստանում եւ լուծել գլոբալ մարտահրավերներ:

Դեկտեմբերին հայտարարվեցին ISTC նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսի հաղթողները: 20 ներդրումային ծրագրերից հաղթող ճանաչվեց 5-ը, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 2 մլն 800 հազ. դրամ մրցանակ՝ նորարար գաղափարներն իրականություն դարձնելու համար:

Անցնող տարում $1մլն-ից ավելի ներդրում ստացած հայկական 4 ընկերությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

3.    Բանակ-ՏՏ համագործակցության սերտացում

Ապրիլյան քառօրյա պատերազմով պայմանավորված՝ այս տարի սկսեց ավելի շատ խոսվել զինված ուժերում ՏՏ ներգրավվածության ավելացման մասին: Արդեն ապրիլի վերջին ՊՆ-ն եւ ՏՏ-հատվածը պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խմբեր: Նախաձեռնության նպատակն էր համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները եւ միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին: Մոբիլիզացիոն ծրագրին արդեն հունիսին միացել էր ավելի քան 300 մասնագետ:

Օգոստոսին մեկնարկեց «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը, տալ արժանապատիվ աշխատանք, նվազեցնել արտագաղթելու հավանականությունը: Ծրագրին, որի տեւողությունը 6 ամիս է, այդ թվում՝ 1 ամիս մասնագիտական փորձաշրջան ՏՏ ընկերությունում, մասնակցել է 15 զորացրված երիտասարդ: Արդեն հունվարին կմեկնարկեն դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

Ռազմական լուծումներով հագեցած ստացվեց նաեւ 12-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսը, որի շրջանակում տեղական մի շարք ընկերություններ ներկայացրին լուծումներ, որոնք կիրառելի են ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործում:

Արդեն հոկտեմբերի 13-ին Երեւանում մեկնարկեց Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային եռօրյա ցուցահանդեսը: Այն Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում եւ միտված էր պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների օգտագործմանն ու ներկայացմանը, ներդրումների խթանմանն ու միջազգային կապերի ընդլայնմանը:

4.    Uber-ի, Google-ի, Twitter-ի ներկայացուցիչները՝ Երեւանում

Երեւանում հոկտեմբերին տեխնո տոն էր: Միջոցառումներ էին նախատեսված ամսվա գրեթե յուրաքանչյուր օրը: Դրանցից էր «Թումո»-ում HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը, որի արտասահմանցի խոսնակների կազմը բավական ներկայացուցչական ստացվեց:

Երեւան էին այցելել Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, նույն կենտրոնի անվտանգության հարցերով ղեկավար Քրիս Վալասեկը, Twitter-ի ինժեներական գծով նախկին տնօրեն Դավիթ Լոֆթեսնեսը, Google-ի ներկայացուցիչ Փոլ Ասոյանը, HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր Նինա Աչաջյանը, Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահ Ռոն Վայսմենը եւ այլք:    

5.    Առաջին հայկական սմարթֆոններն ու սմարթ ժամացույցները

Հունիսին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը (TSD) վաճառքի հանեց առաջին հայկական սմարթֆոնները՝ ArmPhone-ները: Ներկայացվեց ArmPhone-ի 5 մոդել, որոնց գինը տատանվում է 51 հազ-ից մինչեւ 151 հազ. դրամի միջակայքում:

Հեռախոսների բրենդավորումն ու դիզայնը կատարվում է Հայաստանում, մասերը պատվիրվում են արտերկրից, իսկ մոդելները հավաքվում են Երեւանում:

Որպես հիմնական առանձնահատկություն, ընկերությունում նշել են ցածր գինը, հայկական ինտերֆեյսը, հայկական ռինգթոնները եւ wallpaper-ները:

Իսկ դեկտեմբերին վաճառքում հայտնվեց առաջին հայկական սմարթ ժամացույցը՝ TSD Flex-ը:

6.    Դեպի արհեստական բանականություն

Հոկտեմբերին Երեւանում պաշտոնապես գրանցվեց մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով զբաղվող YerevaNN գիտակրթական հիմնադրամը: Վերջինիս նպատակն է խթանել արհեստական ինտելեկտի վերաբերյալ բարձրակարգ հետազոտությունները եւ մեքենայական ուսուցման ու հարակից թեմաների որակյալ դասավանդումը Հայաստանում:

Itel.am-ի հետ զրույցում հիմնադրամի հիմնադիր Հրանտ Խաչատրյանը նշել էր, որ հիմնական առաքելությունը գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար մրցունակ աշխատանքային պայմանների ապահովումն է:

7.    Տեխնո կենտրոնների բացում

Հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանում բացվեց (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Այն զինված է վերջին սերնդի սարքավորումներով, այդ թվում՝ 3D տպիչներով, 3D լազերային սքաներներով եւ վակուումային ձուլման սարքերով: Կենտրոնը 2017թ. հունվարին կսկսի ստարտափ ինկուբացիոն ծրագիր:

Հոկտեմբերին բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Առաջիկա 2-3 տարիներին այնտեղ կվերապատրաստվի շուրջ 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձեւավորվի ճարտարագիտական կլաստեր, տարեկան աջակցություն կստանան առնվազն 50 թիմ եւ կազմակերպություն:

Նոյեմբերին Երեւանում բացվեց ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնն արդեն իսկ հայտարարել է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին, որը կաջակցի շուկա դուրս գալ ցանկացող ծրագրերին:

Ամռանը գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը: Նրա խոսքով՝ FAST-ն ուղղված լինելու է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։

8.    Պայքար օնլայն տաքսիների շուկայում

gg-Yandex Taxi հակամարտությունը սկսվեց հունիսին, երբ Yandex-ը հայտարարեց հաջորդ ամիս շուկա մտնելու եւ հեղափոխական սակագին առաջարկելու մասին (առաջին երկու կիլոմետրը՝ 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար):

Barcamp 2016-ի շրջանակում այս հայտարարությանը հաջորդեց gg ընկերության համահիմնադրի հայտնի ելույթը, որի ժամանակ կոչ էր արվում ընտրել հայրենական արտադրանքը:

Ամենասկզբում Yandex-ը պահեց խոստումը, եւ հեղափոխական սակագինն աշխատում էր, սակայն աստիճանաբար գնային քաղաքականությունը փոխվեց՝ ընկերությունը սկսեց առաջին երկու կիլոմետրի համար գանձել 200 դրամ, այնուհետ՝ 100 դրամ՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար: Արդեն այսօր պիկ ժամերին եւ անբարենպաստ եղանակի դեպքում Yandex-ի սակագինը կարող է կրկնակի բարձրանալ: Ինչ վերաբերում է gg-ին, ապա մինիմալ սակագինը շարունակում է մնալ 600 դրամ:

9.    Առաջին ֆինթեք հաքաթոնը

Հոկտեմբերի 28-29-ը 21 թիմ ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մասնակցեց FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնին, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Մայքրոսոֆթ կորպորացիայի գլխավոր մենեջեր Մայքլ Կոգելերը, որը ներկա էր հաքաթոնին, Itel.am-ի հետ զրույցում ասաց.

«Զարմացած էի տեսնել նման գաղափարներ՝ իրարից էապես տարբերվող:  Զարմանալի է, թե մարդիկ ինչեր կարող են անել 24 ժամվա ընթացքում: Այդ դեպքում պատկերացրեք` ինչ կարող են անել, եթե համագործակցեն միմյանց հետո տարին 365 օր»:

10.    Բլոկչեյնն ու Հայաստանը

Կենտրոնի հիմնադիր DECENT հիմնադրամի գործադիր տնօրեն Մատեյ Միխալկոն նոյեմբերին Itel.am-ին պատմեց, որ պատրաստվում են օգտագործել Հայաստանի ունեցած ինտելեկտուալ ներուժը, ռեսուրսները եւ փորձը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար:

«Ցանկանում ենք ստեղծել պրոդուկտներ եւ լուծումներ, որոնք նպաստում են թվային կոնտենտի հարմարավետ, ուղիղ եւ անվտանգ գլոբալ փոխանակությանը: Նպատակ ունենք բլոկչեյն տեխնոլոգիաները դուրս բերել զանգվածային շուկաներ՝ մշտական նորարարությունների եւ ուղղահայաց ինտեգրացիայի միջոցով դրանք  ուղղորդելով դեպի արդյունաբերություն: Մենք ցանկանում ենք ստեղծել թիմ, որը բլոկչեյն տեխնոլոգիաները կդարձնի գերիշխող ուղղություն (մեյնսթրիմ)»:

Նշենք, որ քրաուդֆանդինգի արդյունքում 4300 մասնակից հովանավորներից ներգրավված $4,2 մլն է ներդրվել Հայաստանում՝ կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը ներկայում Հայաստանում ծրագրավորողների փնտրտուքի մեջ է:

Տեխնոլոգիական տարին Itel.am-ում

2016-ը բեկումնային էր նաեւ Itel.am-ի համար: Տարվա կեսին կայքը վերագործարկվեց լիովին փոփոխված դիզայնով եւ արդիականացված ծրագրային մասով: Կայքում բացված «Իրադարձություններ» բաժնում կարող եք ծանոթանալ Հայաստանում ՏՏ ոլորտին վերաբերող իրադարձությունների անցկացման մասին ամբողջական տեղեկատվությանը։ Առանձին բաժնով ներկայացված են ՏՏ ոլորտի հայտնի հայ դեմքերը, ինչպես նաեւ հայկական հաջողված հավելվածները:

Տարվա ընթացքում ներկայացրինք 3 նոր շարք՝ «Տեխնոլոգիաները եւ կանայք», «IT պատանիներ» եւ «ՏեխնոԱմիս»:

Խոստանում ենք 2017թ. եւս ուշիուշով հետեւել ՏՏ ոլորտի զարգացումներին՝ ձեզ ներկայացնելով ամենահետաքրքիրն ու ոգեւորիչը:

Itel.am-ն իր ընթերցողներին մաղթում է տեխնոլոգիական հաղթանակներով լի տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Նարինե Դանեղյան
Տաթեւ Հովհաննիսյան