Օրերս Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):
Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են ընթացիկ տարում ստացած գիտելիքները: Երեխաները հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից ոմանք մասնակցել են, իսկ շատերը պատրաստվում են մոտ ապագայում մասնակցել Դիջիկոդ եւ «Բաց խաղ» առաջնություններին:
«Այս շրջայցները մեզ հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե ինչ հմտություններ են ձեռք բերել «Արմաթ» լաբորատորիաների սաները եւ ինչպես են գործնականում կարողանում կիրառել այստեղ սերտած գիտելիքները: Տեսնելով ընդամենը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքը՝ մենք միայն հպարտանում ենք այս լաբորատորիաների սաներով», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Վերջերս հմտացել ենք եռաչափ տպիչի օգտագործման մեջ ու ծրագրային մոդելներից զատ նախապատրաստվում ենք ամանորին, տպում ենք խաղալիքներ, որոնցով եւ կզարդարենք մեր լաբորատորիան»,- պատմել է թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Աննա Գրիգորյանը:
Նույն լաբորատորիայի սան Թառումյան Լիլիթն իր հերթին իր հերթին նշել է, որ ծրագիրն օգնում է կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում
«Եթե մինչ խմբակ հաճախելը պատկերացում չունեինք ՏՏ ոլորտի բազմաթիվ հնարավորությունների վերաբերյալ, ապա հիմա շատ բան հստակ ուրվագծվել է»,- ասել է նա:
ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Այնտեղ մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։