11:08 | 13.12.16 | Նորություններ | 2876

Կմշակվի ՏՀՏ կրթության զարգացման համապարփակ ծրագիր

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ միասին մշակել եւ կառավարության հաստատմանը ներկայացնել ՏՀՏ կրթության զարգացման համապարփակ ծրագիր։

ՏՀՏ գործատուների միությունում նշել են, որ հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ՏՀՏ ոլորտում որակյալ կադրերի պատրաստման համար միության կողմից առաջարկվող ռազմավարական լուծումները:

Մինչ ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ հանդիպելը, նախարարը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտի գործունեությանը։

««Սինոփսիս Արմենիա» ընկերության փորձը շատ կարեւոր է։ Կան բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք եւս իրականացնում են կամ ցանկանում են իրականացնել կադրերի պատրաստմանն ուղղված տարբեր ծրագրեր։ Կարծում ենք՝ ճիշտ կլինի այդ բոլոր ծրագրերը կոնսոլիդացնել մեկ հարթակի վրա եւ, ուժեղացնելով Պոլիտեխնիկական համալսարանը, այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան, նոր սերնդի համալսարան»,- նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

Նշվել է, որ ՏՀՏ գործատուների միության կողմից Հայաստանի ավելի քան տասը ավագ դպրոցում հաջողությամբ իրականացվում է ՏՀՏ առարկաների դասավանդման ծրագիրը։

Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ՏՀՏ գործատուների միության եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կմշակվի նաեւ «վիրտուալ ստարտափ»-ների միջավայրի ստեղծման եւ ձեռներեցության զարգացման հայեցակարգ։