11:24 | 12.12.16 | Նորություններ | 20260
Այսօր Երեւանում մեկնարկել է Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը:
Ֆորումը կազմակերպվում է Վաշինգտոնում գործող World Learning կազմակերպության կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, ֆինանսավորվում՝ ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
Empowering Ideas-ը մեկնարկել է հայկական ստարտափների եւ ձեռներեցների համար մարտահրավերներ եւ հնարավորություններ թեմայով քննարկմամբ։
Միջոցառմանը կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ
Itel.am-ի հետ զրույցում քննարկման մասնակից, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պատմել է, որ ներկայացրել է Հայաստանում նորաստեղծ տեխնո ստարտափների շարժումը։
«Ինչպես գիտեք, Հայաստանում հետաքրքիր մոդել է մշակվել, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին։ Այս հարցում առաջին խնդիրը որակյալ կադրերն են, երկրորդը՝ գումար հայթայթելու խնդիրն է, քանի որ միջինում պրոդուկտին առնվազն երկու-երեք տարի է պետք զարգանալու համար։ Պատկերացրեք երիտասարդ թիմ, որը գտնվում է Հայաստանում, այլ ոչ թե Սիլիկոնյան հովտում, եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Վերջին տարիներին այս խնդիրները լուծելու նպատակով կարողացանք գտնել մոդել՝ տարբեր ինովացիոն կենտրոնների, աքսելերատորների, համաֆինանսավորվող դրամաշնորհների միջոցով»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ՝ ինչպես կարելի է օվկիանոսի այն կողմում գտնվող ներդրողների հետ կապեր հաստատել, նրանց բերել տարածաշրջան:
«Եվս մեկ հետաքրքիր հարց է, ինչպես կարողացանք շարժումը տանել դեպի մարզեր. Գյումրիում, Վանաձորում ստեղծված տեխնոլոգիական կենտրոնները դարձան ոչ թե բիզնես կենտրոններ, այլ միջավայր՝ նոր կազմակերպությունների, ստարտափների ձեւավորման համար։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպիսի ստարտափ ստեղծել, որպեսզի այն հետագայում կարողանալ վաճառել Cisco-ին կամ Oracle-ին։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք էին հարկային վերջին փոփոխությունները, երբ նորաստեղծ ընկերությունները ստացան հնարավորություն 10 տոկոս եկամտահարկ վճարել եւ 0 տոկոս շահութահարկ, որի շնորհիվ այս տարի 120 կազմակերպություն ստեղծվեց»,- հավելել է ՁԻՀ տնօրենը:
Հայաստանցի խոսնակներից բացի, ելույթ կունենան տեխնո ոլորտի ներկայացուցիչներ Իսրայելից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից եւ ԱՄՆ-ից:
«Հայաստանում ձեռներեցության եւ ՏՏ-ի հատումը կարեւոր է։ Փոքր, ծովային ելք չունեցող երկիր լինելով, Հայաստանը վաղուց ապավինում է իր կրթված աշխատուժին, ինչը կօգնի զարգացնել տնտեսությունը՝ տեխնոլոգիաների, գիտության եւ ձեռներեցության միջոցով։ Սա մի բան է, որի իրականացումը մենք դեսպանատանն ակտիվորեն խթանում ենք»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլին։
Ֆորումի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են կրեատիվ քաղաքների զարգացումը, հաջողված ինկուբատորները, բաղադրիչներ, որոնք երկիրը դարձնում են «ստարտափ վայր»։
Ֆորումին զուգահեռ մի շարք հայկական ստարտափներ ներկայացնում են իրենց պրոդուկտներն առանձին տաղավարներում։
Empowering Ideas-ը վաղը կշարունակվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում։
Itel.am-ը միջոցառման ինֆորմացիոն աջակիցն է։