12:46 | 30.11.16 | Նորություններ | 3488

ԵՄ հանձնակատար. «Թումո»-ն գերազանցության կենտրոն է

Եվրամիության Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասն այսօր Բրյուսելում կայացած «Գերազանցություն տարածելով եւ անցնելով նորարարության սահմանները» գիտաժողովի ընթացքում խոսել է «Թումո» կենտրոնի մասին:

«Հայաստանում ես ականատես եղա մի երեւույթի, որն արժանի է հիշատակման: Երեւանում այցելեցի ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: Այն դպրոցահասակ երեխաների համար նախատեսված կենտրոն է, որը հնարավորություն է ընձեռում փորձարկումներ կատարել թվային տեխնոլոգիաներով եւ իրենց ստեղծարարությամբ: Ոչ մի երեխա պարտադրված չէ հաճախել «Թումո», սակայն կենտրոն այցելելու համար հերթեր են գոյանում: Երեխաները պաշտոնական վկայական չեն ստանում, փոխարենը` ստեղծում են իրենց ծրագրերի եւ կարողությունների փաթեթը: Երեխաները ձեւավորում են միավորումներ` զուգակցելով արվեստը, գիտությունը եւ իրենց նախասիրությունը: «Թումո»-ի միջավայրն ու տեխնիկական հագեցվածությունն ավելի լավն էր, քան այն, որ ես տեսել եմ «Սիլիկոնյան հովտում»»,- ասել է ԵՄ հանձնակատարը, որը Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 18-ին այցելել էր Հայաստան:

Կարլոս Մոեդասի խոսքով՝ «Թումո»-ի շնորհիվ իր մոտ ամրապնդել է այն համոզումը, որ գերազանցություն գոյություն ունի ցանկացած երկրում:

«Մեր գործը՝ իբրեւ քաղաքականություն մշակողներ, գերազանցությունը խրախուսելն է, այն հայտնաբերելը, սնուցելը, աջակցելը, եւ այն միջազգային գերազանցության կենտրոն դարձնելը»,- նշել է  ԵՄ հանձնակատարը: