Անի Խաչատրյանը
11:08 | 25.11.16 | Նորություններ | exclusive 4385
Նոյեմբերի 14-20-ը Հայաստանն աշխարհի 165 այլ երկրների հետ արդեն հինգերորդ տարին միացել է Ձեռներեցության համաշխարհային շաբաթին:
Ձեռներեցության համաշխարհային շաբաթը սկիզբ է առել 2008 թվականին` Յուինգ Մերիոն Կաուֆման հիմնադրամի աջակցությամբ: Այն աշխարհում նորարարության եւ ձեռներեցության ամենամեծ տոնն է, որի շրջանակում անցկացվող հազարավոր միջոցառումներն օգնում են բացահայտել նորարարական գաղափարներ եւ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առաջին քայլերը: Հայաստանը Ձեռներեցության համաշխարհային շաբաթին միացել է 2012-ից:
Itel.am-ը զրուցել է Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի ներկայացուցիչ (host) Անի Խաչատրյանի հետ:
Վերջինս պատմել է, որ յուրաքանչյուր տարին աչքի է ընկնում նոր գործընկերներով, միջոցառումներով եւ նոր ձեւաչափերով:
«Այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա հայաստանյան օրակարգում տեղ էին գտել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Երեւանի, Գյումրիի, Վանաձորի Ամերիկյան անկյունների, Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի, StartUp Cup-ի, BizNest-ի եւ այլ գործընկերների կողմից կազմակերպված միջոցառումները՝ հանդիպում կին ձեռներեցների, 2016թ. Ձեռներեցության համաշխարհային գագաթնաժողովի հայաստանցի մասնակիցների, ոլորտի այլ փորձագետների հետ, ինչպես նաեւ բազմաթիվ թեմատիկ աշխատաժողովներ»,- նշել է Անի Խաչատրյանը:
Նա կարեւորել է այն փաստը, որ այս տարի միջոցառումներին կարելի էր միանալ նաեւ օնլայն:
«Օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «KPMG Հայաստան» ընկերության բիզնես խորհրդատու Զարուհի Ֆուրունջյանի հետ բիզնես-պլան մշակելու առցանց ճեպազրույցի ժամանակ հնարավոր էր օնլայն հարցեր հղել: Առցանց հնարավոր էր նաեւ ուսումնասիրել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի մշակած օնլայն տեղեկատվական ցուցահանդեսի հղումները»,- ընդգծել է Անի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տարեցտարի Ձեռներեցության համաշխարհային շաբաթի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է թե՛ գործընկերների եւ թե՛ հասարակության շրջանում:
«Սա հրաշալի հնարավորություն է ձեռներեցական էկոհամակարգի մասնակիցների եւ հատկապես էկոհամակարգը զարգացնող կառույցների համար՝ միջազգային ուշադրության կիզակետում հայտնվելու եւ արդյունավետ արշավներ ու նախագծեր իրականացնելու առումով: Նշեմ, որ մեծ արդյունավետություն ունեցող եւ յուրահատուկ միջոցառումները ներառվում են Ձեռներեցության համաշխարհային ցանցի կայքում, էլեկտրոնային ամսագրում եւ նույնիսկ արժանանում են մրցանակների»,- ասել է նա:
Անի Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը կանցկացվի նոյեմբերի 13-19-ը:
«Մենք եւ մեր գործընկերներն արդեն սկսել ենք հաջորդ տարվա միջոցառումների պլանավորման աշխատանքները եւ այդ նպատակով մարտին մասնակցելու ենք Ձեռներեցության համաշխարհային համաժողովին, որն անցակցվելու է Հարավային Աֆրիկայում՝ Յոհանեսբուրգում»,- եզրափակել է Անի Խաչատրյանը:
Նարինե Դանեղյան