14:59 | 02.11.16 | Նորություններ | 13183

ՄոբիԴրամը գործարկել է առցանց միկրովարկավորման ծառայություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ՄոբիԴրամ ընկերությունն այսօր ներկայացրել է իր հավելվածը՝ iOS եւ Android հեռախոսների համար:

ՄոբիԴրամը հայտարարել է նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում ընկերությունն ընձեռում է միկրովարկեր ստանալու հնարավորություն՝ սկսած 5000 դրամից, որի ձեւակերպումը կարելի է անել ցանկացած վայրից՝ առցանց, ցանկացած օր, ցանկացած ժամի՝ առանց գրավի կամ երաշխիքի:

Ծառայության դիմաց կգանձվի օրավճար:

«Հաճախորդներին նոր գործիք առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի բարելավել սպասարկման ոլորտը, կրճատել ժամանակի անհարկի կորուստը եւ վարկավորման հնարավորությունը հասանելի դարձնել ֆինանսական սահմանափակ միջոցներ ունեցողներին: Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանում առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպության՝ «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ-ի հետ համագործակցության արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում:

«Լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերություն՝ ՄոբիԴրամը եւս առաջնորդվում է «լայն հնարավորություններ՝ հաճախորդին» սկզբունքով: Դա ենթադրում է բարձրակարգ սպասարկում եւ նոր գործիքների տրամադրում: Հարմարավետ եւ ճկուն լուծումներով` մենք ժամանակ առ ժամանակ ընդլայնում ենք հաճախորդին առաջարկվող ծառայությունների ցանկը: Արդյունքում, բջջայինը ոչ միայն կապի կամ էլեկտրոնային հուսալի վճարամիջոց է, այլեւ միկրովարկեր ստանալու լուրջ գործիք: Ստեղծված են պարզ ընթացակարգեր՝ հաճախորդի ժամանակն ու միջոցները խնայելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միկրովարկավորման ծառայությունից կարող են օգտվել ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները: Գործիքից օգտվելու համար ստեղծվել է վարկի ձեւակերպման ընթացակարգ:

Մուտք գործելով ՄոբիԴրամի բջջային հավելվածի միկրովարկեր բաժնի «Ընթացիկ վարկեր» ենթաբաժին՝ հաճախորդը կարող է ընտրել իր համար նախընտրելի չափի վարկի գումարը, ծանոթանալ «Սեֆ» կազմակերպության փաստաթղթին, սեղմել «Դիմել» կոճակը եւ 5 րոպե սպասել միկրովարկի հաստատման վերաբերյալ ծանուցմանը՝ SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի, եւ/կամ ՄոբիԴրամի անձնական էջի միջոցով: Վարկավորման հայտը հաստատվելուց հետո, նա պարտավոր է ստուգել իր անհատական թերթիկում լրացված տվյալները եւ հաստատել վարկի ընդունումը:

Վարկը տրամադրվում է առավելագույնը մեկ տարով: