12:53 | 20.10.16 | Նորություններ | 3059

Պետական մարմինների ցանցը կպաշտպանվի DDoS հարձակումներից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է, որ պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնումն այսուհետ պետք է իրականացվի միայն այն կազմակերպություններից, որոնք կմատուցեն «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDoS) հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբ` նախագծով սահմանվում են նվազագույն պահանջներն առ այն, թե պետական մարմիններն ինտերնետ կապի տրամադրման որ ծառայությունից կարող են օգտվել:

Գործադիրն ակնկալում է, որ արդյունքում կբարձրացվի պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ օգտվողները եւ պետական մարմնի տեղեկատվական համակարգերը ու ցանցերը պաշտպանված կլինեն DDoS հարձակումներից:

Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են «ՀՀ Ինտերնետ Կառավարման Համաժողով» միջգերատեսչական խմբի անդամները, ՀՀ բոլոր ինտերնետ մատակարար կազմակերպությունների համապատասխան ոլորտի մասնագետները եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության մասնագետները: