14:58 | 19.10.16 | Նորություններ | exclusive 9734

Հայաստանյան առաջին FinTech հաքաթոնն ընդունում է հայտեր

Հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կկայանա FinTech ձեւաչափի առաջին հաքաթոնը՝ Fintegration-ը, որի նպատակն է միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:

Itel.am-ի հետ զրույցում «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը նշել է, որ հաքաթոնը կազմակերպել են «Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Դոմ Դանիել» ընկերությունը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:
 
Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է:

Հաքաթոնին կմասնակցի 25 թիմ, որոնք 18-ժամանոց մարաթոնի ընթացքում կօգտագործեն Microsoft-ի տեխնոլոգիական հարթակները՝ մշակելով նորարար լուծումներ ապագայի հաշվապահական, բանկային եւ ֆինանսական ծառայությունների ոլորտների համար:

Հաքաթոնին կմասնակցեն տեղական եւ միջազգային փորձագետներ, որոնք կաշխատեն թիմերի հետ բիզնես եւ տեխնոլոգիական ուղղություններով՝ հոկտեմբերի 25-27-ը՝ Երեւանում, ապա՝ Դիլիջանում՝ հաքաթոնի ժամանակ:

Միջոցառման ավարտին թիմերը հանդես կգան 4-5-րոպեանոց ներկայացումներով, ինչին կհաջորդի մրցանակաբաշխությունը:

Մրցանակները շնորհվելու են 3 անվանակարգում՝ «Պարզապես լավագույնը» (610 հազ. դրամ), «Տեխնոլոգիական առաջընթաց» (377 հազ. դրամ) եւ «Իսկապես արտիստիկ» (233 հազ. դրամ):