Նախօրեին Ստամբուլում ամփոփվել են StartupIstanbul միջազգային մրցույթի արդյունքները, եւ հայկական Skycryptor ստարտափն ընդգրկվել է թոփ 15-ում:
Itel.am-ի հետ զրույցում Skycryptor-ի հիմնադիր Արամ Ջիվանյանը պատմել է, որ հենց ամենասկզբից նպատակ էր դրված առնվազն անցնել եզրափակիչ:
«Մասնակցությունը գործնական առումով հաջողակ լինելուց բացի, հրաշալի փորձ էր տարբեր առումներով, այդ թվում` էմոցիոնալ: Իսկ դրա համար պահանջվում էր ինքնաթիռից իջնելուց սկսած՝ մի քանի օր շարունակ հանդես գալ հաղթող pitch-երով: Նույնիսկ մի փոքր «սպորտային» հետաքրքրություն կար. ես մեծ դահլիճներում նախկինում 2 անգամ ներկայացրել էի Skycryptor-ը, սակայն նման մասշտաբի դահլիճում, որն առավել եւս Ստամբուլում է, վստահ ելույթ ունենալու համար շուրջ մեկ օր ինքս ինձ տրամադրում էի: Կարծում եմ՝ վատ չստացվեց, ամեն դեպքում՝ անգնահատելի փորձ էր: Բացի այդ, ամեն օր չէ, որ ժյուրիի կազմում Y Combinator-ի եւ Andreesen-Horovitz-ի ներկայացուցիչներն են, իսկ դա նշանակում է, որ այդ վենչուրային ֆոնդերը մի մեծ քայլով ավելի մոտ են ու հասանելի ոչ միայն Skycryptor-ի, այլեւ վստահաբար մյուս բոլոր հայկական ստարտափների համար»,- նշել է Արամ Ջիվանյանը:
photo © StartupIstanbul
Շարունակելով միտքը, Արամ Ջիվանյանը պատմել է ռազմավարական քայլի մասին, որի համար իրենք մեկնել են Ստամբուլ:
«Y Combinator-ում միայն հարցազրույց անցնելու համար պետք է վերջինիս գործընկերներից (partners) մեկի երաշխավորությունը: Կարծում եմ` մեր հայկական ստարտափներից ոչ մեկն այնտեղ բարեկամ կամ ծանոթ չունի: Փորձե՛ք գտնել նման ստարտափ միջոցառում, որտեղ ժյուրիի կազմում նստած է աքսելերատորի գործընկերներից մեկը, անպայման հասե՛ք մինչեւ եզրափակիչ ելույթ, իսկ ելույթից առաջ կամ հետո առիթը բաց մի՛ թողեք վերջինիս հետ գարեջուր ըմպելու: Այսքանից հետո հաստատ կունենաք սեփական ուժերով հաստատված ու այդքան կարեւոր ծանոթությունը»,- բացատրել է Skycryptor-ի հիմնադիրը:
Արամ Ջիվանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել մասնակցելու StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների եւ ստարտափների միջեւ: