Գորիսում եռաչափ տպիչներ արտադրող «ՕգմենթԱր» ընկերությունը մասնաճյուղ է բացել Շինուհայր գյուղում` Արմաթ լաբորատորիայում:
Այս մասին այսօր ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում Itel.am- ի հետ զրույցում ասել է «ՕգմենթԱր»-ի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը:
Շինուհայր գյուղում ընկերության աշխատանքներին մասնակցում է 3 պատանի:
«Մենք վստահ ենք, որ այսօր սկսելով` 2-3 տարի հետո լուրջ ինժեներներ ենք ունենալու: Սա նաեւ ապացուցում է, որ Արմաթ լաբորատորիաներն արդյունավետ են: Ցանկանում ենք, որ Հալիձորի, Շինուհայրի, Տաթեւի պատանիները աստիճանաբար աշխատանքի անցնեն: Նման մի բան է լինելու` դասավորված են լինելու եռաչափ տպիչներ, պատանիները հավաքելու են մասեր, իսկ Գորիսը որպես գլխամաս, զբաղվելու է նոր մոդելների նախագծմամբ»,- նշել է Արթուր Խոջաբաղյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերին սկսելու են ծրագրավորման վեցամսյա վճարովի դասընթաց:
«Սա ինքնանապատակ չի լինելու: Նպատակն է մոտ 3 ամիս անց նշմարել, թե որ ուղղությամբ է տվյալ թիմն ուժեղ, ու այդ երիտասարդներին ներառել որեւէ հայկական ՏՏ ընկերության թիմում: Սա կարող է նպաստել, որ ՏՏ ընկերությունները մարզերում ներկայացչություններ բացեն»,- ընդգծել է «ՕգմենթԱր»-ի համահիմնադիրը: