11:08 | 29.09.16 | Նորություններ | 3524

Քաղաքապետն այցելել է «Թումո» կենտրոն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ ծանոթացել կենտրոնի հարակից այգում 2006-ից առ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:

«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել եւ մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝  ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի:

Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար այգում տեղադրվել են նաեւ նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ:

Քաղաքապետը շրջել է նաեւ կենտրոնում, զրուցել կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ:

«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երեւանում եւս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա եւ դառնա լիարժեք կիրառելի ծրագիր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սեմ Սիմոնյանը նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու եւ իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նշվել է նաեւ, որ այս պահին Թումոն իր բոլոր 4 կենտրոններում ունի մոտ 10000 ակտիվ ուսանող, որից 7000–ը՝ Երեւանում:

Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ կենտրոնի լավագույն ուսանողների համար պրակտիկա կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ»-ում: