16:45 | 19.09.16 | Նորություններ | 3984

ՁԻՀ-ը սկսում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր:

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն նորարարները, ստարտափները, գիտնականները եւ կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում եւ ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր եւ արտադրանք՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, թափոններից էներգիայի ստացման եւ ջրային ռեսուրսների ոլորտներում:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

ՁԻՀ-ից տեղեկացրել են, որ լավագույն 20 գաղափարների հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակում կազմակերպվող աքսելերացիոն ծրագրին, այդ թվում՝

•    3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին,
•    թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինգ, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիայի գնահատում),
•    մենթորների եւ մասնագետների հետ անհատական աշխատանքներին,
•    բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին,
•    բիզնես մոդելների նախնական ներկայացմանը եւ հանձնաժողովի կողմից գնահատմանը:

Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 3 բիզնես մոդելներին կտրամադրվի օժանդակություն՝ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար: Աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:

Կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերի կազմման գործընթացը եւ դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան՝

•    Երեւան՝ 23 սեպտեմբերի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (105 Տերյան, ՀԱՊՀ Ինովացիոն կենտրոն)
•    Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից եւ ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:  Ազգային գործընկերն է ՁԻՀ-ը, գլոբալ գործընկերը՝ Cleantech Open-ը: