11:15 | 25.08.16 | Նորություններ | 15963

    ARMOJI. Գործարկվել է հայկական էմոջիների առաջին հավելվածը

    Գործարկվել է հայկական թեմաներով էմոջիներ (հուզականություն արտահայտող փոքրիկ նկարներ, որոնք կարող են ներառվել հաղորդագրություններում) ներկայացնող ARMOJI հավելվածը:

    ZaRRian Corp ընկերության մշակած հավելվածը հասանելի է AppStore-ում եւ արժե $1.99:    

    Թիմի ղեկավար, վաճառքի մասնագետ Անգինե Նազարյանը Itel.am-ի հետ զրույցում պատմել է, որ թիմում Կալիֆոռնիայում բնակվող ամերիկահայեր են:  

    «Միտքն առաջացել է շատ պարզ արտահայտությունից: Միշտ ինքս ինձ ասում էի՝ ինչ լավ կլիներ, եթե հայկական թեմաներով էմոջիներ ունենայինք… Կարծում եմ՝ նման միտք շատերի մոտ է առաջացել: Համայնքի հայերի հետ քննարկելուց հետո հասկացա, որ այս նախաձեռնությունում մենակ չեմ, եւ որ բոլորս անհրաժեշտ էինք համարում ստեղծել էմոջիների «Արմո» տարբերակ: Այդպես էլ ստեղծվեցին ARMOJI-ները»,- պատմել է Անգինե Նազարյանը:

    photo © ZaRRian Corp


    Նրա խոսքով, թիրախում աշխարհի հայերն են, որոնք օգտագործում են տեքստային, SMS ծառայություններ, տարբեր մեսենջերներ, այդ թվում՝ WhatsApp, Viber, Facebook Messenger, GChat:

    «Ունենք էմոջիներ ցանկացած տարիքային խմբի եւ սեռի համար: Պարբերաբար կավելացնենք նորանոր ARMOJI-ներ: Շուտով հավելվածը կունենա թարմացում, որտեղ տեղ կգտնեն հայկական տոներին, մշակույթին, խոհանոցին առնչվող էմոջիներ»,- նշել է նա:

    Անգինե Նազարյանը նաեւ տեղեկացրել է, որ շուտով կթողարկվի հավելվածի Android տարբերակը:

    Նարինե Դանեղյան