00:00 | 18.08.16 | Նորություններ | 10640

ՎիվաՍել-ՄՏՍ-ը անվճար Wi-Fi կապահովի Հանրապետության հրապարակին կից տարածքներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել շարժական կապի բաժանորդներին հասարակական վայրերում Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելու նախաձեռնությամբ:

Ընկերությունում նշել են, որ փորձնական ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Երեւանի ամենամարդաշատ վայրերից մեկը՝ Վ. Սարգսյան փողոցին հարակից տարածքները՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Ս. Շահումյանի հրապարակ:

Նշվել է, որ անվճար Wi-Fi ինտերնետից առանց հավելավճարների կկարողանան օգտվել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այլեւ շարժական կապի հայաստանյան այլ օպերատորների բաժանորդները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետի լիարժեք հասանելիություն, պարզապես ուղարկելով *252# USSD հրահանգը՝ դեպի համակարգ մուտքի PIN-կոդը ստանալու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչեւ 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդները՝ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:

Ընկերության բաժանորդ չհանդիսացող անձանց համար ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի վեբ-կայքեր դիտելու հնարավորությամբ, իսկ նախքան ինտերնետին միանալը նրանց կցուցադրվի կարճ հոլովակ կամ գովազդային բաներ (banner):

«Անվճար Wi-Fi  կապի հասանելիությունն ունի մի շարք առավելություններ: Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից հանգստի, ժամանցի կամ բիզնես նպատակներով, անշուշտ,  կգնահատեն անվճար ինտերնետ ունենալու այս հնարավորությունը: Ծրագիրը նախատեսված է նաեւ Երեւան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից: Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում անվճար Wi-Fi գոտու ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մինչ այժմ իրականացված նախագծերի, որոնց շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ինտերնետ հասանելիություն է ապահովել Երեւանի մի շարք թանգարաններում եւ գրադարաններում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: