10:11 | 20.07.16 | Նորություններ | 5509

Ucom-ի աջակցությամբ անցկացվող տեխնո ճամբարի առաջին փուլն ավարտվել է

9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքը հրաժեշտ է տվել Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։

Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները եւ մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:

Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ եւ ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետեւելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները:

Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաեւ եռաչափ (3D) տպիչ, որը ճամբարի մասնակիցների անունից նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։

«Մեզ համար ուրախալի է եւ ոգեւորիչ, որ անապահով ընտանիքների երեխաները եւ մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները հնարավորություն ունեն միմյանց հետ կիսվելու ինժեներական հմտություններով: Այս ճամբարը վառ օրինակն է մեր ընկերության այն համոզման, որ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կրթությունը եւ գիտելիքը, թերեւս, լավագույն հիմքն են ցանկացած կարեւոր գործի: Ucom-ը, որպես հայկական ընկերություն, մշտապես լինելու է նման նախագծերի աջակից, որոնք այսօր բոլորիս աշխատանքի ծիլերն են ցուցադրում, իսկ վաղը լինելու են Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացման հիմքը»,- նշել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

«ՀՀ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնումը գիտելիքի փուլն է:  Գիտելիքին հաջորդում է երեխաների պրակտիկ համագործակցությունը, որի հիմքը նմանատիպ ճամբարների գործարկումն է»,- իր հերթին ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: