07:36 | 11.07.16 | Նորություններ | 2354
Hy Pictures-ը «ՆոլաԼենդ» նախագծով կներկայացնի Հայաստանը World Startup Cup 2016-ի եզրափակչում:
Hy Pictures-ը մեդիա արտադրող հայաստանյան ընկերություն է: Այն հիմնադրվել է որպես ֆիլմ արտադրող ընկերություն եւ համապրոդյուսեր դարձել մի շարք ֆիլմերի, որոնցից է Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը»: Այժմ ընկերության նախագծերը հիմնականում տրանսմեդիա ուղվածության են:
«ՆոլաԼենդ»-ի առաջին փուլը հայկական գրականության վրա հիմնված երեք գրաֆիկական նովելների արտադրությունն է: Թիմը բնորոշում է իր նախագիծը որպես հայ գրականության կոմիքսիֆիկացում:
Կոմիքսները լույս են տեսնելու երեք լեզուներով` արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ անգլերեն: Առաջնային թիրախում հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդներն են, իսկ որպես հետագա զարգացում նախատեսում են ներգրավել նաեւ այլ երկրների պատանիներին:
Հիշեցնենք, որ այս տարի World StartUp Cup-ի եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 3-5-ը Վաշինգտոնում: Հայկական պատվիրակության կազմում են նաեւ Armenia StartUp Cup 2015թ. գլխավոր հովանավոր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան, հայկական ստարտափներ եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, վենչուրային մասնագետներ եւ այլն:
World StartUp Cup 2016-ը եռօրյա բարձր ինտերակտիվ միջոցառում է, որը ներառում է առաջին WECREATE գագաթաժողովը: Տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ եւ կազմակերպիչներ կկիսվեն իրենց անձնական պատմություններով, համայնքներում կանանց ազդեցության մեծացման հիմնախնդիրներով եւ այլն:
Առաջին World StartUp Cup-ն անցկացվել է Երեւանում 2014թ.: