11:27 | 06.07.16 | Նորություններ | 8067
Օրերս աշխատանքային այցով Երեւան էին ժամանել Էրիքսոն ընկերության տնօրենի ավագ տեղակալ, վաճառքի տնօրեն Յան Վայերբայը, ընկերության Եվրասիայի տարածաշրջանի 11 երկրների (ներառյալ՝ Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Հայաստանը) հաճախորդների բաժնի ղեկավար Վոյչեկ Բայդան եւ Հյուսիսային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բաժնի ղեկավար Փիթեր Լորինը:
Ucom-ի 4G+ ցանցի ներդրումն իրականացնում է Ericsson-ը: Համատեղ աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել է մարտ ամսին, եւ երկու ընկերությունները ծրագրի իրականացման ավարտին են մոտենում:
Ericsson ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկան համաշխարհային չափանիշներով համարվում է զարգացած: Նրանք ոգեւորված են, որ հայաստանյան Ucom ընկերությանն են տրամադրում այնպիսի առաջատար շուկաներում ներդրված մի տեխնոլոգիա, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկայի, Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի որոշ հատվածների, եւ անշուշտ՝ եվրոպական որոշ երկրների հեռահաղորդակցության շուկաները:
Խոսելով հայաստանյան լանդշաֆտի ու դրա հետ կապված «Ericsson Ռադիո Լուծում» համակարգի ներդրման բարդությունների մասին՝ Վոյչեկ Բայդան համոզմունք է հայտնել, որ բավականին հեշտությամբ կարող են ցանցի լավ ծածկույթ ու լավ հզորություն ապահովել Հայաստանում Ucom-ի բաժանորդների համար՝ անկախ նրանից, թե նրանք քաղաքում են, փոքր գյուղում, թե սարերում, քանի որ նրա կարծիքով Ասիայի որոշ խիստ բարձրադիր լեռնային շրջաններում եւ Աֆրիկայի անապատներում ցանցի ներդրման բարդություններն անհամեմատ ավելի շատ են:
«Մենք ժամանել ենք այստեղ Ucom ընկերության հաջողության մասը կազմելու նպատակով, այն պահին, երբ ընթացքի մեջ է այդ ընկերության կողմից հաջորդ սերնդի ցանցի գործարկումը: Ericsson-ում մենք տրամադրում ենք վերջին տեխնոլոգիական լուծումները, որոնք կյանքի կկոչեն այս ցանցը, ընդ որում ոչ միայն 3G-ն ու 4G-ն, այլեւ բարձր կարգի LTE-ն, որտեղ օգտագործվում են կրիչների ագրեգացման տեխնոլոգիան ու օդային ալեհավաքները, այսինքն՝ մեր ընկերության ամենավերջին ու լավագույն արտադրանքը»,- ասել է Փիթեր Լորինը:
«Սեպտեմբերին բոլորս ականատես կլինենք այն բանի, թե ինչպես կարելի է համաշխարհային մակարդակի որակյալ ծառայություններ մատուցող հայկական ընկերություն ունենալ Հայաստանում: Մեր տեխնիկական աշխատակազմը շատ պատրաստված է, այս ամբողջ ընթացքում միայն պրոֆեսիոնալիզմով են զարմացրել իրենց միջազգային գործընկերներին: Կարող եմ գոհունակությամբ ասել, որ մեր տեխնիկական անձնակազմի շնորհիվ է, որ հետխորհրդային երկրների մեջ Հայաստանն առաջինն է ներդնում այս տեխնոլոգիական ոլորտի նորագույն լուծումը», - նշել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը: