09:44 | 24.06.16 | Նորություններ | 1357

9-րդ ԴիջիԹեքն առանձնացել է թեմատիկ քննարկումների ակտիվությամբ

Նախորդ շաբաթ Երեւանում կայացած 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի թեմատիկ քննարկումներին մասնակցել է շուրջ 1000 մարդ:

Երկօրյա ֆորումի առանցքում այս տարի եղել են բացառապես թեմատիկ քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցության շուրջ: Ի տարբերություն նախորդների՝ այս տարի բիզնես ֆորումում ՏՏ լուծումների ցուցահանդեսային մաս նախատեսված չի եղել:

Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ ռազմարդյունաբերական համալիրի եւ ՏՏ ոլորտի համագործակցության ձեւաչափի քննարկմանը մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի եւ ԶՈւ ներկայացուցիչներ:

ԻՏՁՄ-ն ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ռազմարդյունաբերության եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր: Քննարկման արդյունքում մասնակիցները որոշել են նշված ծրագիրը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Կարեւորելով կիբեր անվտանգություն մարտահրավերներն ու լուծումները՝ մասնագետները քննարկել են նաեւ ոլորտի սպառնալիքների հանրային իրազեկման, օֆլայն (առանց կապուղիների) Հայաստանի, էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքի եւ արտոնությունների կառավարման, բաց աղբյուրներից ստացած հետախուզական տվյալների վերլուծության եւ այլ խնդիրներ:

ՏՏ ներդրումային էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկվել են մասնավորապես ՏՏ ոլորտի ներդրումային դաշտի ներկա իրավիճակը, ոլորտում ներդրումներ ներգրավելու գրավիչ միջավայրի ստեղծումը եւ այլ հիմնահարցեր:

Էլեկտրոնային կառավարմանը նվիրված քննարկմանը հատկապես ուշադրություն է դարձվել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին, էլ. կառավարման ոլորտում ՀՀ-ում գործող նորարար լուծումներին եւ էլ. կառավարման լուծումների արտահանման հնարավորություններին (Եթովպիա, Եվրոպական տնտեսական հանձնաժողով):

Հայաստանում սկսնակ ձեռներեցների եւ երիտասարդ գործարարների հիմնախնդիրներին նվիրած թեմատիկ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես սկսելու նախադրյալներին, նոր համագործակցությունների ու գործընկերների ձեռքբերման հնարավորություններին: Քննարկվել են նաեւ հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով:

Միջազգային փորձի ներկայացմանը մասնակցել են Բալկանյան երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են ՏՀՏ ոլորտի իրենց փորձը: 

Բիզնես ֆորումի մասնակիցները քննարկել են նաեւ Տվյալների կառավարման գիտության անհրաժեշտության ու հանրայացման, ինչպես նաեւ կրթական ձեռնարկի մշակման հիմնախնդիրները:

ԻՏՁՄ-ում հատկանշական են համարում, որ այսօր աշխարհում տվյալների գիտնականների շուրջ 1.5 մլն թափուր աշխատատեղ կա, որը, համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում, հաջողությամբ կարող է համալրվել հայ մասնագետներով:

Ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր «Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակի ձեւավորման հեռանկարները» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԱՊՀ տարածաշրջանում մաքուր տեխնոլոգիաների ընդհանուր հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա տեղական եւ տարածաշրջանային կազմակերպություններին ներգրավվել տարածաշրջանային եւ միջազգային ցանցերում, ուսումնասիրել եւ կիրառել այլ երկրների փորձը նորարարությունների, դրանց կիրառման ոլորտներում: