09:30 | 23.06.16 | Նորություններ | 1759
Հունիսի 24-ին Երեւանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը ֆինանսական կազմակերպությունների համար կանցկացնի «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով գործնական սեմինար։
Սեմինարին կմասնակցեն ֆինանսական հատվածի ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր, ներդրումային ընկերություններ, բջջային կապի եւ ինտերնետի օպերատորներ):
Սեմինարը կվարեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները։
Միջոցառման բացումը կկատարի Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՝ ներկայացնելով «Ինֆորմացիոն անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտում»։
Այնուհետեւ ելույթ կունենա նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաեւը՝ «Ֆինանսական կազմակերպությունների վրա թիրախային գրոհներ. Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն՝ տվյալների մշակման կենտրոնից մինչեւ բանկոմատ» թեմայով։
Զեկուցումների նիստը՝ «Ֆինանսական խարդախությունները եւ դրանց դեմ պայքարի միջոցները. Հեռավար բանկային սպասարկման պաշտպանությունը եւ ֆինանսական գործարքները» թեմայով կեզրափակի նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Կալիննիկովը։
Բուլատ Սիրաեւը կվարի նաեւ Kaspersky Interactive Protection Simulation ֆինանսական հաստատությունների համար բնիզնես-խաղը։
«Հայաստանում վերջին տարվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել ֆինանսական կիբեռհանցագործությունները, եւ չարագործները դիմում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների օգտվողներին, այնպես էլ հենց ֆինանսական հաստատությունները թալանելու ավելի ու ավելի բարդ մեթոդների։ Կիբեռսպառնալիքներին դիմակայելու եւ դրանք կանխարգելելու համար ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ծառայությունների աշխատակիցները պետք է տիրապետեն ժամանակակից կիբեռսպառնալիքների, դրանց դեմ պայքարի եղանակների եւ գործիքների մասին նորագույն գիտելիքների։ Այդ գիտելիքները եւ գործիքները կներկայացվեն «Հայացք ֆինանսական անվտանգությանը» գործնական սեմինարի մասնակիցներին, եւ նրանք կկարողանան ավելի հուսալի մակարդակի բարձրացնել ինչպես իրենց ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ իրենց հաճախորդների միջոցների պաշտպանությունը»,- նշել է է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։