09:26 | 22.06.16 | Նորություններ | 1278

Երեւանում բացվել է IT Outsourcing & Investment ՏՏ համաժողովը

Այսօր Երեւանում բացվել է «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» (IT Outsourcing & Investment) խորագրով ՏՏ միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա եւ նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում  ներկայում գործում են մի շարք առեւտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված եւ որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում: Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության եւ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները»,- ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց:

«Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով եւ գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ գլխավոր նպատակն է կայունացնել ՏՏ ոլորտը, մասնավորապես`

-    Ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի եւ տեղեկատվական հասարակության զարգացումը.

-    Ամրապնդել Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաեւ ապահովել հայաստանյան ՏՏ ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում եւ հատկապես աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.

-    Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների եւ տեղեկատվական հասարակության զարգացմամբ խթանել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը եւ գիտելիքահեն տնտեսության կայացումը։

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը ետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից:

«Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է: Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5%-ը, ուղղվում է ԱՄՆ եւ Կանադա, 10.8%-ը` Եվրոպա, 8.4%-ը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետ եւս հետեւողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը»,- ամփոփել է ելույթը Հովիկ Աբրահամյանը:

Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը: