07:24 | 20.06.16 | Նորություններ | 1512
«Լոկատոր» հայկական ընկերությունը ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ, որը հնարավորություն է տալիս իրականացնել կայանների կոմպլեքսային կառավարում:
Նմանատիպ կառավարման շնորհիվ կարելի է իրականացնել ցանկացած քանակով, ուժգնությամբ, ժամանակային ինտերվալներով կրակոցներ: Ծրագրային ապահովումը թույլ է տալիս քարտեզի վրա նշել կայանների խումբ, կրակոցների քանակ, ուժգնություն, միջկրակային ժամանակ եւ ակնթարթորեն գործածել դրանք: Հենց այս հատկությունն էլ էապես բարձրացնում է ամբողջ համակարգի արդյունավետությունը, քանի որ բոլոր կայաններն աշխատում են միասին եւ իրենց ազդեցությունն իրականացվում է ամպամածության ողջ տարածքով:
Բացի կիրառական ֆունկցիաներից, ծրագրային ապահովումն ունի համառոտ մոնիթորինգային եւ անվտանգության համակարգեր, որոնց միջոցով կարելի է առցանց ռեժիմում տեսնել տարաբնույթ օգտակար տեղեկատվություն` գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը, արեւային մարտկոցի վիճակը եւ այլն:
Համակարգը թույլ կտա այլեւս չմտահոգվել հակակարկտային համակարգերի անսարքության, չկրակելու եւ անարդյունավետ աշխատելու մասին: Այն բաղկացած է ՀԱԳ-120 հակակարկտային կայաններից եւ կառավարվող ծրագրային ապահովումից:
«Ծրագրային համակարգը լիովին մշակվել է «Լոկատոր» ընկերության կողմից եւ իր բնույթով չունի անալոգներ: Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեեւ առկա կայանների գործունեությունը որոշ չափով նվազեցնում է կարկտահարությունից հնարավոր վնասները, սակայն բավարար արդյունք չի ապահովում, ինչի պատճառով գյուղացիները կրում են զգալի վնասներ: Այս համակարգը ստեղծելիս հաշվի ենք առել շուկայում առկա կայանների բոլոր թերի, բացասական կողմերը` լավագույն որակ ստանալու համար»,- նշել է «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներկայում հանրապետության տարածքում տեղադրված են հակակարկտային կայաններ, որոնք կառավարվում են մեկ տեսակի կապի միջոցով, չունեն առցանց մոնիտորինգի եւ կառավարման համակարգ, ինչի արդյունքում կարկտի դեմ պայքարն իրականացնում է անարդյունավետ:
Կայանը կառավարում է GSM/GPRS ինտերնետային կապուղու եւ որպես պահուստային կապուղի SMS կարճ հաղորդագրոթյունների միջոցով՝ միաժամանակ 2 տարբեր օպերատորների SIM քարտերով: Այն աշխատում է լիովին ավտոնոմ ռեժիմում եւ ցանկացած անսարքություն առաջանալու դեպքում ահազանգ են ուղարկում կենտրոնական կառավարման կենտրոն:
Պաշտպանվող տարածքը 1 կայանի հաշվարկով կազմում է 120 հեկտար: Կայանը 5 վայրկյանը մեկ կարող է անընդմեջ կրակել ավելի քան 500 անգամ, հարվածային ալիքի արագությունը առնվազն 500մ/վ է: Կայանի կառավարման եւ սնուցման մասն առանձնացված է կրակող մասից, ինչը բացառում է ցնցումների եւ վիբրացիաների բացասական ազդեցությունը նրանց վրա: