06:19 | 16.06.16 | Նորություններ | 10795

Ucom-ի աջակցությամբ կբացվի եւս 70 «Արմաթ» խմբակ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

Հունիսի 10-14-ը «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ են բացվել Գեղարքունիքի մարզում Վարդենիկի կրթահամալիրի, Մարտունու Գեղհովիտի դպրոցի, Մարտունու ավագ դպրոցի, Գավառի եւ Կարմիր գյուղի երկու հիմնական դպրոցների, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի, Սեւանի ավագ դպրոցի, Դդմաշենի միջնակարգ դպրոցի, Տավուշի մարզում սահմանամերձ Ոսկեպարի, Սեւքարի ու Այգեհովիտի դպրոցների, ինչպես նաեւ, Ազատամուտի, Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի ու նշված բնակավայրերին կից գյուղերում բնակվող աշակերտների համար։ 

«Որպես Հայաստանում ստեղծված եւ աշխատող ընկերություն՝ մենք առանձնահատուկ կերպով կարեւորում ենք սահմանամերձ բնակավայրերի աշակերտների ներգրավվածությունը նախագծում եւ վստահ ենք, որ Հայաստանի ցանկացած մարզում բնակվող ՏՏ մասնագետն իր գիտելիքներով եւ հմտություններով չի զիջելու աշխարհի առաջատար ՏՏ-ընկերություններում աշխատող օտարերկրյա մասնագետներին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։