06:55 | 09.06.16 | IT պատանիներ | exclusive 8438

IT պատանիներ. Վահե Փինաչյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

12-ամյա Վահե Փինաչյանը, չնայած վաղ տարիքին, արդեն մեկ տարի է` ինչ տեխնոլոգիաներ է ուսումնասիրում: Վահեն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում մասնակցել է C++, HTML, CSS, Javascript ծրագրավորման դասընթացների:

***
Ներկայում սովորում եմ C# լեզուն, որը յուրացնելուց հետո պատրաստվում եմ գրել իմ առաջին ինքնուրույն ծրագիրը: Դեռ չեմ մտածել, թե ինչի մասին է լինելու ծրագիրը:

Տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվելուն նպաստել է քեռիս, որն աշխատում է Facebook-ում: Նա էլ է այս տարիքում ոլորտ մուտք գործել:


Վահե Փինաչյանը

***
Հնարավոր է՝ որպես մասնագիտացում ընտրեմ C++-ը, սակայն դեռ հաստատ չեմ որոշել:

Լավ ծրագրավորող դառնալու համար հարկավոր է լավ տիրապետել մաթեմատիկային, լավ ալգորիթմներ հասկանալ, ինչպես նաեւ նախնական C++: Հետո շատ ավելի հեշտ է լինում: Նաեւ համբերություն է պետք եւ պրակտիկա:

Մտածում եմ արդեն 16-17 տարեկանից աշխատել որեւէ ՏՏ ընկերությունում:

Կցանկանամ արտերկրում կրթությունս շարունակել, ապա աշխատել, օրինակ՝ Google-ում: Սակայն վերջում ինքս պետք է սեփական ընկերություն ստեղծեմ:


Վահե Փինաչյանը

Բլից հարցեր՝

-Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Տանը՝ Minecraft խաղալ: Համակարգչից օրական միջինը 1 ժամ եմ օգտվում: Երկու օրը մեկ բակ եմ իջնում խաղալու, բայց ոչ շատ հաճախ: 

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

-Ընտանիքի հետ շփվելու ավելի շատ ժամանակ կլինի (ծիծաղում է-խմբ.): Եթե շախմատը եւ մյուս խաղերն էլ չլինեն, ապա, այո, ձանձրալի կլիներ:

-Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Գումարը կներդնեի երկրորդ ընկերությունը բացելու մեջ:


Վահե Փինաչյանը

-Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Դժվար է ընտրել. Մալդիվյան կղզիներում պետք է որ շատ լավ լինի, սակայն կընտրեմ Սիլիկոնյան հովիտը:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Ճաշի կգնայի Մարկ Ցուկերբերգի հետ: Կհարցնեի, թե այդ ինչպես առաջացավ միտքը, որ հարկավոր է Facebook ստեղծել: Միասին սթեյք կուտեինք, քանի որ այն իմ ամենասիրելի ուտեստն է:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի