11:49 | 07.06.16 | Նորություններ | 3148

ACBA Ticket հավելվածը ձեր փոխարեն բանկում «հերթ կկանգնի»

Գործարկվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ACBA Ticket մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախապես հերթագրվելով՝ սպասարկվել Երեւանում գտնվող բանկի մասնաճյուղերում:

Անվճար հավելվածը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար:

ACBA Ticket-ից կարող են օգտվել ինչպես բանկի հաճախորդները, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ՝ առանց գրանցվելու:

Հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, նշում այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, մուտքագրում օրը եւ ժամը, ապա գալիս  մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան: Էկրանին կտրոնի համարը երեւում է M տառով:

Itel.am-ի հետ զրույցում բանկում նշել են, որ 2 շաբաթ առաջ գործարկված հավելվածն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների շրջանում:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն է Հայաստանում, որ հաճախորդներին առաջարկում է նմանատիպ հավելված, եւ կարծում ենք նախադեպը «վարակիչ» կլինի նաեւ այլ բանկերի համար:Արդեն իսկ ստանում ենք պատասխան արձագանքներ ու դրական կարծիքներ: Նման հնարավորության ընձեռումը, թերեւս, հաճախորդների մոտ «թաքնված սպասելիք» էր, որն առաջացրեց հետաքրքրություն: Գործարկման օրվանից մինչ օրս ACBA Ticket-ի Android տարբերակն արդեն իսկ ներբեռնվել է ավելի քան 500 անգամ»,- նշել են բանկում: