09:45 | 03.06.16 | Նորություններ | 15054
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում բացվել է Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (Entrepreneurship and Product Innovation Center), որը համապատասխան տարածք եւ աշխատանքային պայմաններ կտրամադրի նորարար գաղափարներ ունեցողներին:
Այն զինված է վերջին սերնդի սարքավորումներով, այդ թվում՝ 3D տպիչներով, 3D լազերային սքաներներով եւ վակուումային ձուլման սարքերով:
Նորաբաց կենտրոնի տնօրեն Արմեն Մկրտչյանի խոսքով՝ դռները բաց են լինելու ոչ միայն Ամերիկյան համալսարանի ուսանողների, այլեւ բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք ունեն հետաքրքիր գաղափար կամ նախագիծ, սակայն չունեն դրանք իրագործելու հնարավորություն՝ ենթակառուցվածքներ, սարքավորումներ եւ այլն:
«Կենտրոնը զբաղեցնում է 2 հարկ, որտեղ գտնվում են լսարանները եւ թիմային աշխատանքի համար նախատեսված սենյակները: Ունենք նաեւ նկուղային հարկ, որտեղ տեղակայված են լաբորատորիաները: Երիտասարդները կարող են այստեղ զբաղվել ձեռներեցությամբ՝ թիմային աշխատանքով ստեղծել ստարտափներ, որոնք որոշ ժամանակ անց ՀԱՀ-ից դուրս կգան որպես կայացած ընկերություններ»,- նշել է Արմեն Մկրտչյանը՝ որպես Ամերիկյան Համալսարանից «ծնված» հաջողակ ստարտափի օրինակ նշելով Skycriptor-ը:
Կենտրոնը նախնական ֆինանսավորում կտրամադրի սահմանափակ թվով խոստումնալից ստարտափների՝ գաղափարների զարգացման նպատակով: Ստարտափները աջակցություն կստանան նաեւ ընկերությունների գրանցման եւ մտավոր սեփականության պաշտպանության հարցերում:
Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս պահին կենտրոնը նախատեսված է 40-45 մարդու համար: Նա համոզմունք է հայտնել, որ կենտրոնը կդառնա Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասնիկը:
«Հայաստանում արդեն իսկ կան շատ ընդարձակ, ինչպես նաեւ նեղ մասնագիտական աքսելերատորներ: Այս կենտրոնը դեռ միակն է, որը գործելու է համալսարանին կից եւ իրականացնելու է աքսելերացիայի որոշակի գործառույթներ»,- նշել է Արմեն Մկրտչյանը:
Կենտրոնին ձեռներեցական եւ տեխնիկական խորհրդատվություն կտրամադրեն տեղացի եւ արտասահմանցի խորհրդատուները: Նախատեսվում է նաեւ միջոցառումների կազմակերպում՝ ուսանողներին եւ հասարակությանը արդյունաբերական տարբեր ճյուղերի նոր միտումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Կենտրոնի գործունեության մանրամասները հասանելի են այստեղ: