13:59 | 30.05.16 | Նորություններ | 3926
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը այսօր հայտարարել է, որ հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին (Armenia IT Forum) կմասնակցեն նաեւ խոշոր աքսելերատորներից ներկայացուցիչներ:
«Հայկական ստարտափները նաեւ հնարավորություն կստանան այցելել այդ աքսելերատորների գրասենյակներ: Սա կօգնի կապ հաստատել նրանց հետ եւ հետագայում մասնակցել նրանց աքսելերացիոն ծրագրերին»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
Նա կարեւորել է ֆորումի անցկացումը Synopsys ընկերության կենտրոնակայանում, քանի որ դա հնարավորություն կընձեռի նաեւ ոչ հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներին մասնակցել ֆորումին:
«Այս տարի խոսնակների թվում ունենք մեծ թվով օտարեկրացիներ: Միջոցառման շրջանակում կլինեն նաեւ այցելություններ դեպի տարբեր կազմակերպություններ՝ Սիլիկոնյան հովտի վերջին զարգացումներին ծանոթանալու նպատակով»,- նշել է նա:
Բագրատ Ենգիբարյանը Սիլիկոնյան հովիտը համեմատել է «օդանավակայանի հետ, որտեղով կարելիէ թռչել եւ ծածկել ամբողջ աշխարհը»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ ֆորումը բացառիկ է համարել նրանով, որ մասնակցելու են 5 հայկական ստարտափներ, որոնք ընտրվել են Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքում: Նրանք մեկ ամիս կանցկացնեն Սիլիկոնյան հովտում:
Ստարտափների վերջնական ընտրությունը կանցկացվի այս շաբաթ:
«Կա նախաձեռնություն, որ Հայաստանը հիմնի ՏՏ ներկայացուցչություններ ԱՄՆ-ում եւ այլ շուկաներում: Հրեշտակ ներդրողների եւ վենչուրային հիմնադրամների հետ աշխատանքի համար նման կառույցների անհրաժեշտությունը կա»,- նշել է Էմիլ Տարասյանը:
«Հաճախ հնչում են կարծիքներ, թե շռայլություն չէ՞ արդյոք Հայաստանի պես երկրի համար երկու տարին մեկ նման ֆորումներ կազմակերպելը: Միշտ պատասխանել ենք, որ դա երբեք ինքնանպատակ չի եղել ոլորտի պատախանատուների համար, որովհետեւ ասելիքը միշտ շատ է եղել եւ դրա կարիքը կա»,- ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ տեղեկացրել է, որ ԻՏՁՄ-ն ֆորումի շրջանակում ներկայացնելու է նախորդ տարիներին արվածը, հատկապես ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերը:
«Հայաստան. ՏՏ ֆորում»-ը կազմակերպվում է ArmTech Congress-ի շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի, Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի կողմից: Կազմակերպիչների թվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ՏՏ գործատուների միությունը: