12:09 | 18.05.16 | Նորություններ | exclusive 1709

Սիլիկոնյան հովտի անվճար տեխնո դպրոցն ընդունում է հայտեր

Ֆրանսիացի միլիարդատեր, ձեռներեց Խավիեր Նիելը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական անվճար դպրոց է հիմնել՝ ներդրելով $100 մլն:

Նախատեսվում է, որ առաջիկա 5 տարիներին դպրոցում կսովորի 10 հազ. ուսանող:

«42» անվամբ դպրոցը կսովորեցնի կոդ գրելու հմտություններ եւ ձեռնարկատիրական մտածողություն:

Դիմում-հայտը հասանելի է այստեղ: Կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ: 

Խավիեր Նիելը, որը ժամանակին դուրս է մնացել ավագ դպրոցից եւ ներկայում Ֆրանսիայի ամենախոշոր տեխնո դեմքերից մեկն է, դեռ 2013թ. նման դպրոց է հիմնել Փարիզում: Նպատակն էր փոփոխել ֆրանսիական ավանդական կրթական համակարգը, եւ գտնել այն երիտասարդներին, որոնք կարող են խնդիրների նորարար լուծումներ առաջարկել եւ շուկայում մրցունակ լինել: 

Սիլիկոնյան հովտում «42»-ի աջակցիների թվում են Snapchat մեսենջերի հիմնադիր Էվան Շպիգելը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին,  Slack-ի գործադիր տնօրեն Ստյուարտ Բաթերֆիլդը:

Շպիգելը «42»-ն անվանել է «ապագայից եկած դպրոց»:

Դպրոցի հիմնադիր Խավիեր Նիելը նշել է, որ չնայած հսկայական ներդրմանը, ինքը չի պատրաստվում այս նախագծով գումար վաստակել: Գործարարն ակնկալում է նաեւ նվիրատվությունների ստացում:

Ֆրանսիայում գործող «42»-ն իր հիմնադրման օրվանից ստացել է ավելի քան 200 հազ. հայտ, դպրոցում արդեն հասցրել է սովորել 2500 ուսանող:

Ստորեւ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում ենք «42»-ին վերաբերող գլխավոր տեղեկությունները:

Նարինե Դանեղյան