08:52 | 17.05.16 | Հոդվածներ | exclusive 4827

ՄԻԿ Հայաստանը 5 տարեկան է

Մայիսի 10-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) դարձավ 5 տարեկան: ՄԻԿ-ը հիմնադրվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ Հայաստանի, ՀՊՃՀ-ի եւ USAID-ի աջակցությամբ:

Itel.am-ն այցելել է ՄԻԿ Հայաստանի գրասենյակ՝ թիմի հետ ամփոփելու անցած տարիների աշխատանքը:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյան

5 տարիների ընթացքում ՄԻԿ-ը շատ բաներ է փորձարկել, փորձել ենք գտնել լավագույն եւ արժեքավոր մոդելը, որը կարող է արդյունավետ լինել ստարտափների հետ աշխատանքում: Այս տարիները եղել են շատ բան սովորելու եւ մարտահրավերների տարիներ, որոնք հաջողությամբ հաղթահարել ենք: Այս ամենին ՄԻԿ-ը հասել է ներկա եւ նախկին փոքր, բայց եռանդուն թիմի շնորհիվ:

2013-2014 թթ. ներդրված աքսելերացիոն ծրագրերին մինչ օրս մասնակցել է 35-ից ավելի ստարտափ, որոնք բոլորը գումարային ներգրավել են ավելի քան $2 մլն ֆինանսավորում, իսկ Դեմո-օրվա ներկայացումներին շատերին հաջողվել է գտնել հավանական գործընկերներ եւ սկսել առաջին քննարկումները հավանական ներդրողների հետ։


Արտաշես Վարդանյանը

ՄԻԿ Հայաստանը 5 ստարտափի աջակցել է մեկնել Սան Ֆրանցիսկո եւ զգալ Սիլիկոնյան հովտի շունչը, հանդիպել ներդրողների, ՏՏ համայնքի ներկայացուցիչների եւ հավանական գործընկերների հետ։

Հիմա փորձում ենք մի փոքր փոխել աքսելերացիայի մոդելը. ուշադրություն ենք դարձնում ամպային ու մոբայլ տեխնոլոգիաների զարգացմանը միտված նախագծեր ներկայացնող ստարտափների վրա: Անցկացնում ենք դասընթացներ, որոնց հիման վրա ստարտափները, ձեռք բերելով խորացված տեխնիկական գիտելիքներ կոնկրետ ամպային տեխնոլոգիաների ոլորտում, կկարողանան միանալ աքսելերացիայի ծրագրերին: Այնպես որ, այսուհետ աքսելերացիոն ծրագիրը կգնա երկու ուղղությամբ՝ կլինեն ստարտափներ, որոնք զարգացել են մեր դասընթացների օգնությամբ եւ մտել աքսելերացիայի ռաունդ, եւ նրանք, որոնք միանգամից կդիմեն ծրագրին մասնակցելու համար:

ՄԻԿ-ի կազմակերպած տարբեր թրեյնինգներին այս ընթացքում ավելի քան 4500 ուսանող է մասնակցել: Ինտերնշիփի ծրագրին մասնակցողների թիվը հասնում է 400-ի: Ի դեպ, նրանց մեծ մասը ծրագրի ավարտին հաջողությամբ անցել է աշխատանքի ՄԻԿ գործընկեր լավագույն  ՏՏ ընկերություններում՝ ինչպիսիք են Sorcio, Monitis, Volo, Digitain, Praemium, Picsart, Betconstruct եւ այլն:

Ինչ վերաբերում է հաքաթոններին, ստարտափների տարբեր միջոցառումներին եւ մրցույթներին, ապա դրանց մասնակցող ստարտափների թիվն անցնում է 300-ը, իսկ մասնակիցների թիվը 1500ը, միայն նախորդ Հեքըթոնյան 2015ին, որն անց կացվեց Վանաձորում, մասնակցում էին ավելի քան 300 մարդ:

Ի դեպ, վերջին տարիներին համագործակցում ենք նաեւ տարածաշրջանային այնպիսի մրցույթների հետ, ինչպիսիք են SeedStars-ը, Slush, TractionCamp-ը:

Այս պահին էլ, չկենտրոնանալով միայն Երեւանի վրա, ՄԻԿ-ը` ՁԻՀ-ի աջակցությամբ եւ կոնսորցիումի մյուս անդամների հետ, իրականացնում է ՏՏ տարբեր դասընթացներ Գյումրիի եւ Վանաձորի տեխնոպարկերում։
 
ՄԻԿ կրթական ծրագրերի կոորդինատոր Սոնա Մարտիրոսյան

3-4 տարի առաջ ՏՏ ընկերությունների հետ մշակեցինք մի ծրագիր, որի միջոցով շատ կարճ ժամանակում պատրաստում ենք կադրեր ՏՏ ընկերությունների համար:

Քանի որ ներկայում տեղական բուհերը չեն տալիս այնպիսի կրթություն, որը շրջանավարտներին հնարավորություն կտա անմիջապես անցնել աշխատանքի, մշակել ենք 3-4 ամսական տեւողությամբ ծրագիր, որի ընթացքում նրանք ստանում են կրտսեր ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ:


Սոնա Մարտիրոսյանը

2012-ից մինչ օրս իրականացրել ենք 15-ից ավելի ծրագիր առաջատար ՏՏ ընկերությունների հետ: Պարբերաբար հարցումներ ենք անցկացնում՝ պարզելու տվյալ ընկերություններում մեր ուսանողների առաջադիմությունը, եւ հաճելի է, որ նրանք բավական դրական արդյունքներ են գրանցում աշխատաշուկայում:

400-ից ավելի ուսանող է մասնակցել միայն պրակտիկայի ծրագրերին, որոնք աշխատում են տարբեր ընկերություններում: Այս ամբողջ ընթացքում որեւէ խելացի ուսանող երբեւիցէ չի մնացել անգործ: Յուրաքանչյուր ուսանողի համար անհատապես փնտրում եւ գտնում ենք այն կազմակերպությունը, որտեղ նա կարող է աշխատել, քանի որ ՏՏ ընկերությունները շատ են եւ նրանց պահանջներն էլ տարբեր են:

Կարեւոր է այն, որ արդեն ծրագրի ընթացքում ուսանողներն աշխատում են պրակտիկ խնդիրների հետ եւ պատկերացում ունեն, թե ինչ խնդիրներ են լուծելու, երբ անցնեն աշխատանքի:

Վերջերս սկսել ենք նաեւ գործատուներին կցել թրեյնինգներին, եւ դրանց ավարտին հարցազրույցի միջոցով գործատուն կարողանում է պոտենցիալ ուսանողներին ներգրավել իր ընկերությունում աշխատանքի:

Ինչ վերաբերում է ՄԻԿ-ի ծրագրավորման դասընթացներին, ապա դրանց մինչ օրս 5000-ից ավելի ուսանող է մասնակցել:

Նարինե Դանեղյան