13:25 | 16.05.16 | Նորություններ | 3115

Հայտնի են Armenia BigData հաքաթոնի հաղթողները

 Մայիսի 13-14-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տվյալների կառավարման գիտության (Big Data Science) Armenia BigData մրցույթ-հաքաթոն, որի նպատակն էր բացահայտել ոլորտում նորագույն տեխնոլոգիաներով եւ գործիքներով աշխատելու հայ մասնագետների ներուժը եւ մոբիլիզացնել առկա ռեսուրսները:

Միջոցառմանը մասնակցել են 10-ից ավելի ընկերություններ եւ մասնագետներ, որոնք տրամադրված տվյալների բազաների օգնությամբ լուծումներ են առաջարկել հանրային ոլորտի կարեւորագույն խնդիրների համար, ինչպիսին են զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացումը, տրանսպորտի եւ ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորումը, քաղաքային լուսավորությունը, թիրախային իրազեկումը, ցանցային անվտանգությունը եւ այլն:

18-ժամյա հաքաթոնի ընթացքում թիմերը փորձել են ծածկագրված հեռահաղորդակցության տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնել եւ վիզուալիզացնել առաջադրված հանրային կարեւորության խնդիրների լուծումները:

Հաքաթոնի հաղթող է ճանաչվել PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում էր առաջարկել հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երեւանում կայանատեղի գտնելու խնդրին: Երրորդ տեղում են հայտնվել հաքաթոնի ամենաերիտասարդ մասնակիցները՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից: Վերջիններս հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա առաջադրել են միտումներ՝ միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ:

Armenia BigData մրցույթ-հաքաթոնի թիմերին շնորհվել են դրամական պարգեւներ, որոնք կուղղվեն առաջարկված լուծումների կյանքի կոչմանը:

Մրցող թիմերի աշխատանքները գնահատել են Հայաստանի առաջատար ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ընկերությունների, հանրային ոլորտի, ինչպես նաեւ աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից եւ տվյալների գիտնականներից (data scientists) կազմված ժյուրին:

Հաքաթոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության եւ ճարտարագիտության քոլեջը:

Դա հնարավորություն կընձեռի հայ մասնագետներին ներգրավվել տեղական ու միջազգային առաջատար նախագծերում, համագործակցության կապեր ստեղծել, միջազգային որակավորում ձեռք բերել եւ հաղորդակցման ու հարակից հմտություններ զարգացնել:

Տվյալների կառավարման գիտությունը նորարարության հզոր շարժիչ է, որը թույլ է տալիս տվյալները արագ եւ փորձագիտորեն վերլուծել ու հարմարեցնել որոշումների կայացման տեղական պահանջներին:

Մրցույթ-հաքաթոնի հեռանկարային նպատակն է Հայաստանում տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab) հիմնելը: Լաբորատորիան հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա ներուժը կիրառել նաեւ տվյալների կառավարման ոլորտում, կենտրոնացնել միջազգային նախագծերի փորձն ու ներուժը, ինչպես նաեւ խթանել մատուցվող ծառայությունները եւ ստեղծվող պրոդուկտները:

Հաքաթոնը կազմակերպվել է Monitis, PicsArt, Ucom, VOLO, BetConstruct, Teamable ընկերությունների աջակցությամբ: