14:16 | 27.04.16 | Նորություններ | 2094

35 սկսնակ ընկերություն մասնակցում է ՀՀ-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին

35 սկսնակ ընկերություն մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին գործարար կապեր հաստատել Սիլիկոնյան հովտում եւ հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում:

Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), ՀՀ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը՝ Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի համագործակցությամբ: 

Ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 73 ընկերություն, որոնցից ընտրվել են 35-ը:

Նախնական փուլն անցած ընկերությունները մասնակցում են 6 շաբաթ տեւողությամբ աքսելերացիոն ծրագրի հայաստանյան փուլին, որը ներառում է դասընթացներ, խորհրդատվություն եւ գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ:

Հայաստանի եւ արտերկրի հաջողակ ձեռներեցները եւ փորձագետները հայ սկսնակներին ներկայացնում են բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանցի ներդրողների եւ հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաեւ հետագա քայլերի պլանավորման նրբությունները:

Աքսելերացիոն ծրագրի ավարտին՝ մայիսի 14-ին, կանցկացվի Դեմո օր, որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, որոնք կմասնակցեն հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին:

Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաեւ CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների եւ ներդրողների հետ: