14:06 | 20.04.16 | Նորություններ | 1284

ՀՀ-ում ներդրվել է պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ

Հայաստանում ներդրվել է e-citizen.am տիրույթում գործող պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ, որի օպերատոր է հանդիսանում «ԷԿԵՆԳ» ընկերությունը:

Նշված համակարգը հաղորդակցության եւ ծանուցումների պաշտոնական միջոց է:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է տվյալ համակարգում նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ կատարվել են էլեկտրոնային եւ փոստային ծանուցման՝ օրենքով սահմանված քայլերը:

ՀՀ բոլոր քաղաքացիների համար պաշտոնական էլեկտրոնային փոստը շնորհվում է նույնականացման քարտի թողարկման պահից եւ վերջիններիս կողմից հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար:

Քաղաքացին կարող է նաեւ ծանուցումը վերահասցեագրել ցանկացած այլ (մինչեւ 3)  էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով:

Յուրաքանչյուր քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն բաղկացած է նրա հանրային ծառայությունների համարանիշից, ինչը փաստացի հնարավորություն է տալիս քաղաքացուն ուղարկել պաշտոնական ծանուցում, եթե նույնիսկ անհայտ է տվյալ անձի փաստացի բնակվելու հասցեն:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները եւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք եւս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

Պաշտոնական էլեկտրոնային փոստարկղում ստացված տեղեկությունները եւ ծանուցագրերը կարդալու համար օգտատերն իր նույնականացման քարտի միջոցով, որպես գրանցված օգտատեր, պետք է մուտք գործի www.e-citizen.am պորտալում տեղակայված իր անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստարկղ: