11:40 | 06.04.16 | Նորություններ | 2854

«Ոզնի 2016»-ը կմեկնարկի ապրիլի 8-ին

Ապրիլի 8-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «Ոզնի 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:

Այս տարի մրցույթին մասնակցում է 6-10-րդ դասարանների 319 աշակերտ Երեւանի 45  եւ ՀՀ մարզերի 125 դպրոցից, ինչպես նաեւ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում  գործող ռոբոտաշինության խմբակներից 91 աշակերտ, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով: 

Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները եւ սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն դրանք: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, որոնք կստանան պատվոգրեր եւ մրցանակներ:

Մրցույթի նպատակն է՝

- Բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները,

- Ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

«Ոզնի» համակարգչային մրցույթն անցկացվում է 2010-ից ի վեր: Մրցույթին մասնակությունն անվճար է: 

Մրցույթի գլխավոր աջակիցն է հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներն են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ-ն (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն): Գործընկերը «Նաիրի» համընկերությունն է: