08:33 | 01.04.16 | Նորություններ | exclusive 2795
Ապրիլի 22-23-ին Հայաստանն առաջին անգամ լոկալ հաքաթոնով կմասնակցի աշխարհի ամենամեծ հաքաթոններից մեկին՝ ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2016-ին:
24-ժամյա հաքաթոնը կանցկացվի Բյուրականի աստղադիտարանում:
Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների թիվը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ որպես մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը: Տարիքային սահմանափակում չկա:
Հայաստանյան հաքաթոնի ներկայացուցիչն է X-Tech Creative Studios ընկերությունը: Itel.am-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշել է, որ կարող են մասնակցել բոլոր նրանք, որոնք հետաքրքրված են տիեզերքի խնդիրներով եւ պատրաստ են դրանց համար լուծումներ գտնել:
«ՆԱՍԱ-ն տրամադրում է open data ու առաջարկում դրա հիման վրա ստեղծել լուծումներ, որոնք կհեշտացնեն տիեզերքով զբաղվող մարդկանց կյանքը: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի մյուս մասնակիցներին»,- նշել է Արման Աթոյանը:
Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում:
Հաքաթոնի 6 ուղղություններն են՝
- Տեխնոլոգիա,
- Արեգակնային համակարգ,
- Օդագնացություն,
- Երկիր մոլորակ,
- Տիեզերական կայան,
- Ճանապարհորդություն դեպի Մարս:
Արման Աթոյանը պատմել է, որ արդեն 3 տարի է, ինչ իրենք որպես վիրտուալ մասնակից մասնակցում են հաքաթոնին:
«Երկրորդ տարվանից սկսած սկսել ենք կազմակերպիչներին համոզել, որ հաքաթոնը բերենք Հայաստան: Այս տարի դա ստացվեց: Միջոցառումը հետաքրքիր է նրանով, որ գիտես՝ միաժամանակ 170-200 երկրներում զուգահեռ նմանատիպ միջոցառում է անցկացվում»,- նշել է նա՝ հավելելով, որ անցած տարի մշակել էին VR լուծում, որը «հնարավորություն էր տալիս քեզ զգալ Մարսի վրա»:
Հայաստանյան ժյուրին հաքաթոնի ավարտին կընտրի լոկալ հաղթողի, որը կարող է չհամընկնել ՆԱՍԱ-ի ընտրած հաղթող նախագծերի հետ:
Իր հերթին, ՆԱՍԱ-ն գլոբալ հաքաթոնի մասնակից բոլոր թիմերից ընտրելու է 5 հաղթողի, որոնք հնարավորություն կունենան այցելել ՆԱՍԱ-ի կենտրոն եւ տեղում հետեւել թռիչքի: