08:41 | 23.03.16 | Նորություններ | 1115

Երեւանում քննարկում են կիբերանվտանգության ոլորտի խնդիրները

Երեւանում այսօր մեկնարկել է «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով միջազգային սեմինարը, որը կազմակերպել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Բեռնհարդ Ֆրանկլը նշել է, որ կիբերհանցագործությունները լուրջ սպառնալիք են պետությունների տնտեսության, գիտության եւ բնակչության համար, որի դեմ պայքարը կարեւոր է հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է կիբերանվտանգության ոլորտում համակարգված մոտեցում եւ արդյունավետ կառավարում ունենալը, անդրադարձել է կիբերանվտանգության գործողությունները համակարգող ճիշտ մարմնի ընտրության, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ համակարգչային պատահարների արագ արձագանքման հարցին:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ մեզանում ցածր է հատկապես հանրության կրթվածության եւ իրազեկության աստիճանը, անձնական տվյալն ու համակարգիչը պաշտպանելու կարեւորության գիտակցումը: Փորձագետը նկատել է, որ ՀՀ-ում դեռեւս չկա հստակ մոտեցում, թե կիբերանվտանգության հետ կապված հանարային իրազեկումը ինչպե՞ս եւ ո՞ր սեգմենտում պետք է կատարվի:

Միացյալ Թագավորության ներքին գործերի գերատեսչության կիբերհանցավորության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Ֆայզա Թայաբ Ջոունսը, ներկայացնելով իր երկրի փորձը, նշել է, որ ցանկացած կառավարություն պարտավոր է մտածել իր երկում կայուն տեղեկատվական անվտանգություն ունենալու մասին:

Ֆայզա Թայաբ Ջոունսը շեշտել է, որ այս ուղղությամբ կարեւոր է թիրախավորված աշխատանքը՝ սկսած դպրոցներից, համալսարններից, բիզնես խմբերից միչեւ պետական կառույցներ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանն էլ նշել է, որ հայկական կայքերի, այդ թվում՝ պետական գերատեսչությունների պաշտոնական էջերի դեմ հարձակումները կրում են մշտական բնույթ, որոնք մասսայական են դառնում հատկապես պետական միջոցառումների օրերին:

Նրա փոխանցմամբ՝  2015թ. կանխվել է հայկական տարբեր կայքերի դեմ ուղղված ավելի քան 1 մլն կիբերհարձակման փորձ, որից մի քանի հարյուրը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին:

ԱԱԾ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցը շարունակում է համակարգված աշխատանք տանել խնդրի դեմ պայքարում: