Հասմիկ Գալոյանը
07:08 | 18.03.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 34173
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, սկսում է նոր շարք, որտեղ ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
21-ամյա Հասմիկ Գալոյանն աշխատում է PicsArt-ում՝ որպես Windows ծրագրավորող:
Աշխարհն իմն է լինում, երբ կոդ գրելը հաջողվում է
Մանկուց ինձ արվեստի մարդ եմ համարել, մշակույթ եմ սիրում, նկարում եմ, նվագում: Երբ սկսեցի ավագ դպրոց հաճախել, հարց առաջացավ, թե ինչ մասնագիտություն ընտրեմ: Հայրս ասում էր՝ արա այն, ինչ հաճելի է հոգուդ, իսկ մայրս ավելի պրակտիկ էր մտածում եւ խորհուրդ էր տալիս հեռանկարային ոլորտ ընտրել: Հետո հասկացա, որ մայրս ճիշտ էր: Դպրոցում սիրում էի ճշգրիտ գիտություններ ու մտածեցի՝ ինչու ոչ, եթե ամեն ինչ ստացվում է, ապա ընտրեմ ամենադժվարը: Որոշեցի փորձել եւ ֆիզմաթ ուղղությամբ ավագ դպրոց գնացի, ապա մորս հետքերով՝ ԵՊՀ կիրառական ֆակուլտետ ընդունվեցի:
Հայաստանում մեր ոլորտի համալսարանական կրթությունն ուղղակի սովորեցնում է մտածել, սակայն կոնկրետ տեխնոլոգիաների առաջընթացի հետեւից չի հասցնում: Հասկացա, որ փորձ ձեռք բերելու համար առանձին պետք է ինձ վրա աշխատեմ: Այդ հարցում ինձ օգնեց Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիան, որտեղ շուրջ մեկ ու կես տարի սովորեցի:
Հասկացա, որ սիրում եմ ծրագրավորումը, դա սկսեց ինձ նույնքան հաճույք պատճառել, որքան արվեստը: Աշխարհով մեկ եմ լինում, երբ կոդ գրելիս ինչ-որ բան, որ երեկ չէր ստացվում, այսօր ստացվում է: Լավ է, որ երաժշտությունն ինձ համար հոբբի մնաց, այդպես երբեք չեմ հոգնի դրանից: Գնում եմ տուն ու փորձում ժամանակ գտնել դաշնամուր կամ կիթառ նվագելու համար:
Ծրագրավորման պրակտիկ գիտելիքներս սկսել եմ զարգացնել 18 տարեկանից: Սակայն գիտեմ շատ-շատերին, որ դեռ դպրոցական տարիներից են սկսում ու 16 տարեկանում արդեն պատրաստի հավելված ունեն: Երբեք շուտ չէ սկսել:
ՏՏ-ն էնտուզիաստներ է սիրում
Երբ ասում են ՏՏ ոլորտ, առաջինը պատկերացնում եմ կոդ գրողներին: Եթե տեխնոլոգիական առաջընթացը քեզ ոգեւորում է, ապա կապ չունի՝ այս ոլորտում կոդ ես գրում, թե ոչ, ուղղակի շարունակիր զբաղվել դրանով: Առանց էնտուզիազմի ՏՏ ոլորտի մարդ չեմ պատկերացնում:
Հայաստանում է, որ այս ոլորտում աղջիկները քիչ են: Դա գալիս է սխալ պատկերացումներից: Ուղղակի համոզմունք կա, որ բոլոր ոլորտներում տղաներն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս, քան աղջիկները: Այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Տղաները դա լավ են անում, քանի որ գիտեն, որ պետք է լավ անեն: Աղջիկներն էլ վատ են անում, քանի որ փոքր ժամանակվանից նրանց հակառակն են ներշնչել: Եթե աղջիկներին փոքրուց դաստիարակեն այնպես, որ ցանկության դեպքում նրանք ամեն ոլորտում էլ կարող են հաջողությունների հասնել, ապա այդպես էլ կլինի:
Ծրագրավորողների ուղեղը աշխատում է առանց դադարի
Ներկայում ավելի ու ավելի շատ աղջիկներ են ՏՏ ոլորտում ներգրավվում: Ոլորտը պահանջում է ուղեղի անընդհատ աշխատանք: Սա օգնում է նրանց տարբեր իրադրություններում ճիշտ կողմնորոշվել:
Նրանց կենտրոնացումն ավելի ուժեղ է: Իմ փորձից ելնելով եմ ասում, որ կարող եմ սխալը շտկելու ուղղությամբ ավելի երկար ու համբերատար աշխատել, քան շատ տղաներ:
Ծրագրավորող կինը կարող է գեղեցիկ եւ խնամված լինել
Ծրագրավորող կանանց համար դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Կարծում եմ, որ կնոջ համար ընտանիքը պետք է լինի առաջին տեղում, եւ նույնիսկ այս դեպքում ծրագրավորումն ունի առավելություն՝ կարելի է տանից էլ աշխատել, կարեւորը համակարգչի առկայությունն է:
Հաճախ են ասում, որ ծրագրավորող կինն իրեն հետեւելու ժամանակ չի ունենում: Ես ասում եմ, որ եթե կինը ցանկանա իրեն հետեւել, ապա հաստատ ժամանակ կգտնի:Իսկ ծրագրավորող կինը կարո՛ղ է գեղեցիկ եւ խնամված լինել:
Քանի որ աշխատանքս ենթադրում է համակարգիչ, աշխատանքից դուրս փորձում եմ խուսափել այն օգտագործելուց:
Ցանկանում եմ, որ տեխնոլոգիան ինձ ծառայի, ոչ թե հակառակը
Այո, Apple-ը որակյալ hardware է արտադրում, iPhone-ները լավն են, արագ աշխատում, սակայն պարտադիր չէ, որ օգտագործեմ ամենավերջին մոդելը: Իհարկե, հետեւում եմ տեխնոլոգիաական նորություններին, սակայն չեմ ընկնում «նորաձեւության» հետեւից։ Եթե ինձ իմ սմարթֆոնի ֆունկցիաները բավարար են, ապա ինձ դրանից ավելի ոչինչ պետք չէ:
Պետք է, որ տեխնոլոգիան ծառայի մարդուն, ոչ թե հակառակը:
Ծրագրավորելն ինձ համար հաճույք է
Երբեք չմտածեք, որ եթե դուք տղա չեք, ապա այս ոլորտում ոչնչի չեք հասնի: Եթե սկզբից ես սովորում ամենադժվարին, ապա մնացած ամեն ինչ նկատելի չափով հեշտ է դառնում: Ասում են՝ «Ընտրիր այն գործը, որը սիրում ես, ու կյանքումդ ոչ մի օր չես աշխատի»: Ընտրեցի, ծրագրավորումը բարդ բան չէ այլեւս, այն պարզապես հաճույք է:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի