13:07 | 17.03.16 | Նորություններ | 2105
2015թ. ինտերնետ կապից օգտվողների թիվը հասել է 2.2 մլն-ի՝ ապահովելով ծածկույթի 69%-ը: Այս թիվը ներառում է շարժական հեռահաղորդակցության, լայնաշերտ ինտերնետ եւ ինտերնետ կապի ոլորտները:
Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցից, որն ամփոփում է 2015 թվականը:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ինտերնետ ծառայությունների սեգմենտի ընդհանուր եկամուտի 94%-ն ապահովվում է ինտերնետ մատակարարող հինգ խոշոր ընկերությունների կողմից:
«Անցած տարի ինտերնետ ծառայությունների ոլորտում (մալուխային, անլար եւ VoIP) աճը բավականին ցածր տեմպեր է ունեցել, իսկ գոյացած եկամուտը կազմել է $133.5 մլն (5% աճ՝ 2014 թ. համեմատ): Նշված ծառայությունների ծավալի մեջ օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինը կազմում է 87%»,- նշված է զեկույցում:
2015-ին լայնաշերտ ինտերնետ (այդ թվում՝ 3G) ծառայություններից օգտվողների թիվը հասել է մոտ 2 մլն-ի, իսկ անլար տեխնոլոգիաների (WiMax4 WiFi) ծառայությունների բաժանորդների թիվը կազմում է 247 հազ. բաժանորդ:
Անցած տարվա վերջին 3G կապի ծածկույթը հասել է 98.0%-ի: Անլար ցանցերով տվյալների փոխանցումը եւ ինտերնետ կապի ծառայությունները կազմակերպվում են GSM/EDGE (900ՄՀց եւ 1800 ՄՀց), UMTS 2100 եւ UMTS 900 տեխնոլոգիաների միջոցով:
2015թ. դրությամբ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվողների թիվը կազմել է 534 հազ.:
Զեկույցը փաստում է, որ շարժական կապի ծառայություններից ստացված եկամուտներն ամենամեծ կշիռն ունեն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի եկամուտների կազմում:
«Ընդհանուր առմամբ, 2014-ից ամբողջ հեռահաղորդակցության ոլորտում աճի դանդաղելու միտումներ են արձանագրվել, ինչը վկայում է շուկայի հագեցվածության մասին: Ակնկալվում է, որ եկամուտի ընդհանուր ծավալները կհասնեն $480 մլն»,- նշված է զեկույցում: