07:29 | 11.03.16 | Նորություններ | 4688

    «Ռակետա». Օգնել Աղասիկին փրկել նորահարսին

    Գործարկվել է հայկական «Ռակետա» խաղը, որը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

    Այն ստեղծվել է «Փախիր կամ Ամուսնացիր» ֆիլմի սցենարի հիման վրա եւ մշակվել Rise of Garuda թիմի կողմից:

    Խաղի հիմքում ընկած է հետեւյալ սցենարը:

    70-ականներին Արշավիր Խոջոյանը, որը դիզայներ-ինժեներ էր աշխատում Երեւանի ավտոմոբիլային գործարանում (ԵրԱԶ), մշակել էր առաջին հայկական սեդան մեքենայի կոնցեպտը եւ ստեղծել դրանից մեկ մոդել՝ անվանելով այն «ԵրԱԶ Ռակետա»: Մոսկվան, սակայն, չէր հաստատել մեքենայի արտադրությունը, քանի որ այն չափից ավելի շքեղ էր ԽՍՀՄ ապրելակերպի համար: Մեքենան, սակայն պահպանվել է, եւ Աղասիկ Խոջոյանն այն ժառանգել է հորից:

    Խաղի ընթացքում պետք է օգնել Աղասիկին փախչել հետապնդումից եւ փրկել նորահարսին:

    Հաղթելու համար պետք է շատ խոչընդոտներ հաղթահարել: Մեքենան պետք է վարել Հայաստանի ճանապարհներով, անցնել մի շարք խոչընդոտներ, հավաքել միավորներ եւ բոնուսներ:

    Ստացված արդյուքներով կարելի է կիսվել ընկերների հետ՝ Facebook-ում:

    Ի դեպ, խաղում հնչում է Մկրտիչ Արզումանյանի ձայնը եւ «Փախիր կամ Ամուսնացիր» ֆիլմի սաունդթրեքը: