15:10 | 09.03.16 | Նորություններ | 4341
Shadowmatic խաղի ստեղծող Triada Studio-ն միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչին՝ բանակցությունների միջոցով հասնելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքմանը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Բարաք Օբամային ուղղված նամակում Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանն ընդգծել է, որ իր ընկերությունը օգնում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, նպաստում հայ-ամերիկյան առեւտրի ընդլայնմանը եւ միջազգային շուկային Հայաստանի շարունակական ինտեգրմանը:
«Դժբախտաբար, շարունակական զարգացման խոչընդոտներ մնում են, որոնցից է կրկնակի հարկման հեռանկարը»,- նշել է Արա Աղամյանը՝ հավելելով, որ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հստակ իրավական դաշտ կստեղծեր երկու իրավական դաշտերում էլ գործող ընկերությունների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նախաձեռնությանը միացել էր PicsArt ընկերությունը: Կոչին միացել են նաեւ Microsoft, FedEx, NASDAQ, Marriott, Grant Thornton ընկերությունները:
Նախաձեռնության աջակիցների շարքում են նաեւ Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution եւ Linkgard Systems ընկերությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն 2015թ. մայիսի 7-ին ստորագրել էին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որով հավաստել էին իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։
Նոյեմբերին էլ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել էր, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում: